Ի՞նչ վտանգ է սպառնում Ռուսաստանից երկրագնդի հյուսիսում, ինչպե՞ս է հարկավոր զսպել հետխորհրդային ռեւանշիզմը Արկտիկայում: Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասեր կարելի է քաղել ծովում և Հեռավոր Հյուսիսում ուկրաինական հակամարտությունից։
«Սառը պատերազմի ժամանակ Արկտիկայի տարածաշրջանը եղել է գործողությունների առանցքային հարթակ, որտեղ մշակվել և կատարելագործվել է միջուկային ռազմավարությունը»:
Հետևաբար, այսօրվա «Եվրոպայի միջով ռուսական կայսրությունը վերականգնելու Կրեմլի փորձերը» համաշխարհային հանրությանը ստիպում են նորից մտածել Արկտիկայի մասին, որտեղ «միջմայրցամաքային հրթիռների և գաղտնի սուզանավերի նոր սերունդները կրկին ուշադրությունը սեւեռում են ռազմածովային գործողությունների վրա»: Այս մասին է ասում Վուդրո Վիլսոնի կենտրոնի տնօրեն Մարկ Գրինը:
Ծովակալ Գրինն ընդգծում է, որ եթե Ուկրաինայում պատերազմի հետևանքով Ռուսաստանի բանակը կրել է զգալի կորուստներ, ապա նավատորմը, որը ներառում է միջուկային սուզանավեր, բացարձակապես չի տուժել: Ռուսաստանը որակյալ սուզանավեր է արտադրում շատ արագ տեմպերով: Այն այսօր փորձում է հավասարվել միջուկային շարժիչով աշխատող, թեւավոր հրթիռներ կրող USS Virginia սուզանավի մակարդակին:
Ինչպես ծովակալ Գրինն է ասում, նոր դասի ‘’БС-329 Բելգորոդ’’ ռուսական սուզանավերը, միջուկային շարժիչով տորպեդները և ‘’Պոսեյդոն’’ միջուկային մարտագլխիկները կարող են մեծ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի անվտանգությանը։ Մտահոգիչ են նաև «խորջրյա միջուկային մինի սուզանավերի հետախուզական և դիվերսիոն գործառույթները, որոնք կարող են վտանգի ենթարկել մեր կարևոր ստորջրյա ենթակառուցվածքը, քանի որ առևտրային և ռազմական տեղեկատվության 95%-ը փոխանցվում է սուզանավային մալուխների միջոցով ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Ատլանտյան օվկիանոսից այն կողմ»։
«Ռուսաստանն ընդլայնել և արդիականացրել է արկտիկական իր տասներկու բազաները և կառուցել երեք նոր բազաներ», - ընդգծում է ծովակալ Գրինը: Այսպիսով, Արկտիկան կրկին կարող է դառնալ ոչ միայն ռուսական, այլև չինական նոր սպառազինությունների նոր փորձադաշտ»:
Նույն կարծիքին է Ռուսաստանի ծովային հետազոտությունների հարցերով ամերիկյան ինստիտուտի տնօրեն Մայքըլ Փիթերսոնը: «Ռուսները Արկտիկան համարում են և՛ իրենց տնտեսական ողնաշարը, և՛ ռազմական ջանքերի բազան, ոչ միայն բուն Արկտիկայի տարածաշրջանում, այլ նաեւ Արեւմտյան Եվրոպայի հատվածում: Սա նրանց հյուսիսային թեւն է», ասում է նա:
«Ուկրաինայում մենք տեսանք, որ ռուսները կարող են հարվածներ հասցնել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Այնպես որ, կարծում ենք, որ նրանք պատրաստ կլինեն նման արշավ իրականացնել նաեւ Եվրոպայում’’, ասում է նա ու ավելացնում, որ ռուսները կարող են նշանառության տակ առնել Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող թիրախները, ‘’թեև դա արդյունավետ անելու նրանց կարողությունները ժամանակի ընթացքում աստիճանաբար սահմանափակվում են»:
Խոսելով Ռուսաստանին զսպելու կարեւորության մասին` Փիթերսոնն ասում է, որ ‘’եթե ունենք հարևան, որը մտադիր է կոտրել մեր ցանկապատը, աղբը նետել մեր բակ կամ թողնել, որ իր շունն ազատ շրջի մեր բակում, պետք է գտնենք նրան կարգի բերելու ուղիներ’’:
Վաշինգտոնում Նորվեգիայի դեսպանության ռազմածովային և պաշտպանության հարցերով կցորդի օգնական Էգիլ Վասստրանդը գտնում է, որ անվտանգության նոր իրականաության պայմաններում հարկավոր է վերանայել անվտանգության ներկա պրակտիկան։ Նա նշում է, որ Նորվեգիան վերջին տարիներին առերեսվել է ռուսական ավելի ագրեսիվ վարքագծի: Օրինակներ են իր սահմաններից ոչ հեռու անցկացվող ռազմածովային վարժանքները, որոնք նմանակում են օտար պետության դեմ հարձակումներ, GPS ազդանշանային համակարգերը խոցելու գործողություններ: ‘’Եվ շատ հավանական է, որ Ռուսաստանը կիրառի ռազմական ուժ, եթե որոշի, որ իր ռազմավարական շահերն այստեղ սպառնալիքի տակ են’’, ասում է նա ու ավելացնում, որ Ռուսաստանին զսպելու հանգամանքը չափազանց կարևոր է։
Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց ի վեր Ռուսաստանը նվազեցրել է Արկտիկայի հատվածում միջազգային համագործակցությունը, ինչն այստեղ եւս առաջ է բերում իրադրության սրման վտանգ, ասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում Ռուսաստանի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Քոֆրոնն ու եզրակացնում, որ Ուկրաինայում պատերազմի պայմաններում Ռուսաստանը հազիվ թե մտածի Արկտիկայում միջազգային կապերը վերահաստատելու մասին: Այնպես որ, Արկտիկայում մեծապես է ընդգծվում Ռուսաստանի ռազմական ջանքերը զսպելու կարեորությունը:
Արամ Վանեցյան
Եվգենի Կոմարով