Մատչելի հղումներ

Ներկայացուցիչների պալատը որոշել է սահմանափակել ԱՄՆ ռազմավարական նավթային պաշարների օգտագործումը


Հանրապետականներն ասում են, որ Բայդենի վարչակազմը անխոհեմաբար վատնում է նավթի պաշարները: Սպիտակ տունը դա բացատրել է վառելիքի գները զսպելու անհրաժեշտությամբ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ուրբաթ օրը հավանություն է տվել օրինագծին, որը սահմանափակում է Էներգետիկայի նախարարության հնարավորությունը՝ օգտագործելու նավթի ռազմավարական պաշարները՝ առանց դաշնային հողերի տարածքի մեծացման պլանների մշակման, որտեղ հնարավոր է նավթի և գազի հորատում:

Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց օրինագծին 221 կողմ, 205 դեմ ձայների նվազագույն տարբերությամբ և խիստ կուսակցական պատկանելիության վրա հիմնված քվերակությամբ. բոլոր հանրապետականները և միայն մեկ դեմոկրատ կոնգրեսական կողմ էին: Այս շաբաթվա սկզբին Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահ Ջո Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի Կոնգրեսում։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը բուռն քննարկման առարկա կդառնա Սենատում, որը, ի տարբերություն Ներկայացուցիչների պալատի, վերահսկվում է Բայդենի գործընկեր դեմոկրատների կողմից։

Օրինագիծը Էներգետիկայի նախարարից կպահանջի մշակել ծրագիր՝ ուղղված նավթի և գազի արդյունահանման համար դաշնային վարձակալությամբ տարածքների ընդլայնմանը: Այն ներառում է արտաքին մայրցամաքային շելֆի ստորջրյա տարածքները՝ նախքան ռազմավարական նավթային պաշարների օգտագործումը: Դա չի խանգարի նախագահին օգտագործել ռազմավարական պաշարները արտակարգ իրավիճակներում, ինչպիսիք են փոթորիկները, որոնք կարող են խաթարել նավթի արդյունահանումը:

Օրինագծի հանրապետական կողմնակիցներն ասում են, որ Բայդենի վարչակազմը անխոհեմ է եղել անցյալ տարի պաշարից 180 միլիոն բարել վաճառելու հարցում: Այս և Սպիտակ տան կողմից հաստատված այլ գործողությունների արդյունքում պաշարները նվազել են՝ հասնելով 1983 թվականից ի վեր ամենացածր մակարդակի:

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ նավթ է վաճառում բենզինի գները զսպելու համար: Վառելիքի գների թանկացումը նպաստել է ԱՄՆ-ում վերջին տասնամյակների ամենաբարձր գնաճին:

Էներգետիկայի նախարար Ջենիֆեր Գրանհոլմն այս շաբաթ Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ Բայդենը թույլ չի տա, որ ամերիկացի ժողովուրդը տուժի Ներկայացուցիչների պալատում հանրապետականների քաղաքական օրակարգի պատճառով:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG