Այս Լուսնային Նոր տարին նապաստակի տարի է, և Չինաստանի խանութները լի են տոնի համար թեմատիկ խմորեղեններով և ձեռագործ աշխատանքներով: Ասիացիներն ամբողջ աշխարհում նշում են տոնը ընտանեկան հավաքույթներով և տոնական սեղաններրով:
«Երկար ականջները շատ փող ստանալու նշան ունեն: Մեր պատրաստած ամեն մի նապաստակ այս ցանկությունն է բերում, հուսալով, որ մարդիկ կունենան պայծառ և երջանիկ Նոր տարի»,- նշել է արհեստավոր Ռեն Շուեն:
Լուսնային Նոր տարին ավանդաբար Չինաստանում ամենածանրաբեռնված ճանապարհորդային շրջանն է: Այս տարի հատկապես այն պատճառով, որ Չինաստանը վերջերս չեղարկեց իր «զրոյական ՔՈՎԻԴ» քաղաքականությունը՝ կրկին թույլ տալով զանգվածային ճանապարհորդությունները:
Գյուղական բնակավայրերում վարակների աճ է սպասվում: Չինաստանի առողջապահության պաշտոնյաները կարծում են, որ ՔՈՎԻԴ-19-ով ծանր հիվանդների հետ կապված դեպքերն արդեն հասել են իրենց գագաթնակետին:
«ՔՈՎԻԴ-19-ով վարակված մարդկանց բուժումը ընդհանուր առմամբ անցնում է սահուն և կանոնավոր կերպով: Ամենօրյա բժշկական ծառայություններն աստիճանաբար վերականգնվում են»,- նշել է Առողջապահության արտակարգ իրավիճակների արձագանքման գրասենյակի տնօրեն Գուո Յանհոնգը:
Կանխատեսումներ կան, որ այս տարի ավելի շատ չինացիներ կմեկնեն արտերկիր՝ հիմնականում Թաիլանդ: Չինական տուրօպերատորները նույնպես ասում են, որ արտասահմանյան ճանապարհորդությունների պահանջարկը կամաց-կամաց վերադառնում է, ինչը շահավետ է տարածաշրջանի այն երկրների համար, որոնք օգուտ են քաղում լուսնային Նոր տարվա ընթացքում չինացի զբոսաշրջիկների ծախսերից:
Հոդվածը պատրաստվել է Լորել Բաումանի նյութի հիման վրա: