Օդերեւութաբանները հայտնել են, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Կալիֆոռնիայում մեծ փոթորիկ է սպասվում, որի ինտենսիվության առավելագույն ուժգնությունը կտևի չորեքշաբթի կեսգիշերից մինչև հինգշաբթի կեսօր:
Հյուսիսային Կալիֆոռնիայում դեռ շարունակում են վերանորոգման աշխատանքները՝ Ամանորի գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով: Երեքշաբթի օրը, ազգային օդերևութաբանական ծառայությունները Սան Ֆրանցիսկոյում կանխատեսում էին մինչև 15 սանտիմետր անձրև և քամու պոռթկումներ՝ 96 կմ/ժ արագությամբ, ինչից պաշտպանվելու համար բնակիչներից Թինկ Թրոյը ավազի պարկեր էր հավաքել:
«Նրանք հայտնել էին, որ վատ է լինելու, և իսկապես վատ եղավ: Հիմա նրանք կանխատեսել են, որ այս անգամ շատ ավելի վատ է լինելու, ուստի ուզում եմ համոզվել, որ պատրաստ եմ հորդառատ անձրևներին»,- նշել է Թինք Թրոյը:
Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Լոնդոն Բրիդը հայտարարել է, որ քաղաքային աշխատողները մինչև չորեքշաբթի օրը հնարավոր է բավարար ժամանակ չունենան մաքրելու փոթորիկների հետևանքով առաջացած բոլոր արտահոսքերը: Նա խնդրել է հանրությանը նախապատրաստվել՝ ջրհեղեղները կանխելու համար ավազի պարկեր ձեռք բերելով: Քաղաքապետը նաև հավելել է, որ անհրաժեշտ է խուսափել ավելորդ ճանապարհորդություններից և զանգահարել 911 միայն արտակարգ իրավիճակների դեպքում:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը նահանգի մեծ մասը տուժել էր հորդառատ անձրևի հետևանքով, ինչի արդյունքում զոհվել էր մեկ մարդ և վնասվել էր Սակրամենտո կոմսության հողատարածքների համակարգը:
Հարկ է նշել, որ Կալիֆոռնիայում փոթորիկները և հորդառատ անձրևները բավարար չեն նահանգում արդեն չորս տարի շարունակվող երաշտին պաշտոնապես վերջ տալու համար: Կալիֆոռնիայում ջրամբարների մեծ մասը դեռ շատ ցածր մակարդակի է: Սակայն հորդառատ անձրևները և փոթորիկները մեկ լավ բանի են հանգեցրել: Ըստ պաշտոնյաների, Կալիֆոռնիայի լեռները ծածկող ձյունը վերջին 40 տարվա ընթացքում լավագույն իրավիճակում է:
Ամեն տարի Կալիֆոռնիայում ջրի մոտավորապես մեկ երրորդը գալիս է Սիերա Նևադա լեռնաշղթայից հալված ձնից, որը ծածկում է նահանգի արևելյան մասը:
Հոդվածը պատրսատվել է Reuters լրատվականի և Ամերիկայի Ձայնի կենտրոնական ծառայության նյութի հիման վրա: