Մատչելի հղումներ

Տարիքային գործոնը՝ ամերիկյան քաղաքականության կենտրոնում


Երկրի ամենատարեց նախագահներից երկուսը պատրաստվում են մրցակցել պաշտոնի համար 2024 թվականին: ԱՄՆ-ում, ուր միջին տարիքը 30 տարեկան է, քաղաքական դաշտում տարիքային առանձնահատկությունները դարձել են ամերիկացիների քննարկման առարկա

ԱՄՆ-ում քաղաքական գործունեության համար տարիքը դարձել է քննարկումների առարկա: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս առիթով արձագանքել է կատակով.

«Ես ինձ հիանալի եմ զգում: Ոչինչ չի փոխվել: Լավ մարզավիճակում ենք: Անհամբեր սպասում եմ իմ 58-ամյակը նշելուն»,- կատակել է ԱՄՆ նախագահը:

Իրականում, Բայդենը 80 տարեկան է: Նա ամենատարեց դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջնորդներից մեկն է:

Նրա մրցակիցն է 76-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Իսկ մինչ հաջորդ ամիս երրորդ ընտրված պաշտոնը երկրում զբաղեցնում է 82-ամյա Նենսի Փելոսին։ Նա վերջերս հայտարարել է, որ կհեռանա Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնից:

Տարիքը՝ կարևոր գործոն ամերիկյան քաղաքական դաշտում
please wait

No media source currently available

0:00 0:02:56 0:00

«Ես չեմ փորձի վերընտրվել Դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնում հաջորդ Կոնգրեսում: Եկել է ժամանակը, որ նոր սերունդը ղեկավարի դեմոկրատների հանձնախումբը, որը ես խորապես հարգում եմ: Շնորհակալ եմ նրանց, ովքեր պատրաստ են իրենց ուսերին ստանձնել այս մեծ պատասխանատվությունը»,- ասել է նա։

Պատմաբաններն ասում են, որ տարիքային առանձնահատկությունը երկար ժամանակ օգտագործվել է որպես գործիք ամերիկյան բարձր մակարդակի քաղաքականությունում, որի միջոցով կասկած է սերմացվում, թե արդյոք քաղաքական գործիչը կարող է դիմագրավել այս ծանր աշխատանքի մարտահրավերներին:

«Երկարակյաց առաջնորդների խնդիրն այն է, որ նրանք հակված չեն դաստիարակել արդյունավետ միջին տարիքի իրավահաջորդներ, քանի որ եթե այդ իրավահաջորդները ի հայտ գան իշխանության ղեկին, ապա նրանք կփոխարինեն նրանցից առաջ եկածներին: Այսպիսով, մենք ականատես ենք լինելու 70-ն անց գործիչներից սրընթաց անցում դեպի 40 անց գործիչներ երկու կուսակցություններում էլ»,- պնդում է Ջերեմի Սուրին Թեքսասի համալսարանից:

Այս տարեց թեկնածուներից ոմանք ասում են, որ իրենք դեռ լավագույն մարզավիճակում են: Դոնալդ Թրամփի կողմնակիցները վստահ են, որ իրենց թեկնածուն լիովին կարող է առաջադրվել, իսկ Բայդենը թուլացած է: Երկու պնդումներն էլ խիստ սուբյեկտիվ են: Թրամփն ասում է, որ տարիքը միշտ չէ, որ բացասաբար է ազդում գործչի գործունեության վրա, սակայն Բայդենի պարագայում նա պնդում է, որ դա խնդիր է:

Իրականում միջին վիճակագրական ամերիկացին ապրում է մինչև 76 տարեկան, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Վերլուծաբանների պնդմամբ, ընտրողների և առաջնորդների միջև տարիքային մեծ տարբերությունը ի վերջո կարող է առաջացնել խնդիրներ:

«Մարտահրավերներից մեկը, որին առերեսվում է Բայդենը, այն է, որ նա շատ ավելի մեծ է, քան միջին դեմոկրատ ընտրողը և երբեմն դժվարանում է ոգևորություն առաջացնել: Մենք տեսանք, որ ավելի շատ երիտասարդներ քվեարկեցին այս միջանկյալ ընտրություններում, սակայն արդյո՞ք նրանք քվերակել են ի օգուտ Ջո Բայդենի»,- նշում է Ջերեմի Սուրին:

Այսպիսով, ամերիկյան ամենատարեց առաջնորդները շարունակում են պայքարել աշխարհի ամենապատասխանատու ու ամենադժվար պաշտոններից մեկի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նախկին նախագահ Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է իր առաջադրման մասին 2024 թվականի ընտրություններում: «Բլումբերգ» գործակալության հաղորդմամբ, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլեյնն էլ իր հերթին հայտնել է, որ ակնկալում է նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն առաջադրման մասին Ամանորյա տոներից հետո:

Հոդվածը պատրաստվել է Սպիտակ տանը «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Անիտա Փաուելի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG