Մատչելի հղումներ

«Haaretz». Իսրայելը համաձայնել է գաղտնի մասնակցել Ուկրաինային զենքի մատակարարմանը


Իսրայելը ֆինանսավորել է միլիոնավոր դոլարների ռազմավարական նյութեր Ուկրաինայի համար և թույլ է տվել զենք մատակարարել իր բաղադրիչներով։ Միաժամանակ, Իսրայելի իշխանությունները խնդրել են չհրապարակել գործարքը՝ «Պուտինին չբարկացնելու համար»։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը:

Ըստ լրագրողների՝ Իսրայելի կառավարությունը, որը շուտով կփոխվի համաձայն ընտրությունների արդյունքների, ԱՄՆ-ի հորդորով է գործարքը կնքել։ Ամերիկացիները ցանկանում էին, որ Իսրայելն Ուկրաինային հակաօդային մարտկոցներ մատակարարեր։ Սակայն երկկողմ բանակցություններից հետո որոշվեց ֆինանսավորել «ռազմավարական նյութերը»։ Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, հրապարակումը չի հստակեցնում՝ ասելով, որ աղբյուրները խնդրել են չհրապարակել այս տեղեկությունը։

Գործարքի շրջանակներում Իսրայելը մի քանի միլիոն դոլար է փոխանցել ՆԱՏՕ-ի անդամ ինչ որ մի երկրի, որը զենք է մատակարարում Ուկրաինային։ Այս պետությունը որի անունը չի նշվում, գնել է ապրանքը և ուղարկել Ուկրաինա։ Ըստ աղբյուրների՝ նյութերի համար վճարելու որոշումը միանվագ որոշում է եղել՝ համաձայնագրի երկարաձգման հարցը կորոշի Իսրայելի նոր կառավարությունը՝ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ։

Բացի այդ, ըստ Haaretz-ի, Իսրայելի պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի անդամներին թույլ է տվել Ուկրաինային մատակարարել իսրայելական բաղադրիչներ պարունակող զենքեր, ինչպիսիք են էլեկտրաօպտիկական համակարգերը և կրակի կառավարման համակարգերը:

Երկիրը խնդրել է գործարքի բոլոր կողմերին հրապարակայնորեն չբացահայտել այն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «չբարկացնելու» համար, ասել են աղբյուրները։ Վարչապետի գրասենյակը և պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանել Haaretz-ի հնարավոր գործարքը:

Նախկինում Իսրայելը մշտապես հրաժարվում էր զենք մատակարարել Ուկրաինային։ Ըստ թերթի, Իսրայելի իշխանություններն ունեին մտավախություն, որ Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում կբարկացնի Պուտինին, և նա, ի պատասխան, կսահմանափակի Իսրայելի գործողությունների ազատությունը Սիրիայում իրանական դիրքերի վրա հարձակվելու համար:

Միաժամանակ Իսրայելը շարունակում է հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Իսրայելը, ի թիվս այլ հարցերի, ուկրաինացի փախստականների համար դաշտային հիվանդանոց է տեղակայել, տեղի բնակիչներին էներգիա է տրամադրում հսկա գեներատորների միջոցով, տեղադրել է ավելի քան մեկուկես միլիոն կոնտեյներ՝ ջրի և ջրի մաքրման համակարգերով և տրամադրել է հարյուր հազարավոր սննդի փաթեթներ:

Բենյամին Նեթանյահուն, ով կձևավորի Իսրայելի նոր կառավարությունը, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում վիճահարույց հայտարարություններ է արել ուկրաինական պատերազմի վերաբերյալ, նշում է Haaretz-ը։ Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ կքննարկի Ուկրաինային հակաօդային մարտկոցներ մատակարարելու հարցը։ Այնուամենայնիվ, մեկ այլ ելույթի ժամանակ նա գովաբանել է Իսրայելի ներկա կառավարությանը նման մատակարարումներից զերծ մնալու համար:

XS
SM
MD
LG