Աշխարհի խոշորագույն տնտեսությունների խմբի՝ G-20-ի առաջնորդները բանակցություններ են սկսել Ինդոնեզիայի Բալի կղզում ուկրաինական պատերազմի հետևանքների շուրջ:
Առաջնորդները պատրաստվում են հայտարարություն հրապարակել, որում անդամների «մեծ մասը» խստորեն կդատապարտի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա։
«Կարծում եմ, դուք կտեսնեք, որ G-20-ի անդամներից շատերը պարզ կդարձնեն, որ իրենք դատապարտում են Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում, որ նրանք տեսնում են Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում որպես աշխարհում հսկայական տնտեսական և հումանիտար տառապանքի աղբյուր», - ասել է պաշտոնյան՝ չցանկանալով ներկայանալ։
Հայտարարությունը, որը նախատեսվում է հրապարակել այս շաբաթվա վերջին սպասվող գագաթնաժողովի ավարտին, նպատակ ունի ցույց տալու, որ խումբը մեկուսացնում է G-20-ի անդամ Ռուսաստանին, ասել է պաշտոնյան: Սակայն պարզ չէ, թե քանի երկիր է ստորագրելու դրա տակ:
Թեև առաջնորդները հիմնականում համաձայնում են G-20-ի առաջնահերթությունների երեք հիմնասյուների շուրջ, որոնք Ինդոնեզիան առաջ է քաշել իր նախագահության օրոք՝ թվային ճարտարապետություն, էներգետիկ անցում և թվային փոխակերպում, Ռուսաստանի վերաբերյալ հայտարարությունը կլինի համատեղ հռչակագիր, որը համաձայնեցվել է բոլորի կողմից, այդուհանդերձ, գագաթնաժողովի վերջում բոլոր երկրների կողմից համաձայնեցված հռչակագիր քիչ հավանական է թվում, հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին դիվանագիտական աղբյուրները:
Բացման խոսքում, նախքան առաջնորդների դռնփակ քննարկումները սկսվելը, G-20-ը հյուրընկալող Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն խնդրեց անդամներին թույլ չտալ, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման շուրջ տարաձայնությունները խաթարեն միասնության և տնտեսական վերականգնման իրենց օրակարգը:
«Մենք այլ տարբերակ չունենք, աշխարհը փրկելու համար անհրաժեշտ է համագործակցություն», -ասել է Վիդոդոն՝ հավելելով, որ անդամները պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց քաղաքացիների, այլև աշխարհի առաջ:
«Պատասխանատվությունը նշանակում է դադարեցնել պատերազմը», -շեշտել է Վիդոդոն՝ ավելացնելով. «G20-ը պետք է լինի ներառական տնտեսական վերականգնման կատալիզատորը: Մենք չպետք է աշխարհը մասերի բաժանենք։ Մենք չպետք է թույլ տանք, որ աշխարհն ընկնի հերթական սառը պատերազմի մեջ»։
Այնուամենայնիվ, Ինդոնեզիան չի հրաժարվում համատեղ պաշտոնական հայտարարությունից: «Մենք պետք է լավատես լինենք, դա դեռ ընթացքի մեջ է», - լրագրողներին ասել է Ինդոնեզիայի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ջոնի Գ. Փլեյթը:
Մոսկվայի հասցեին հնարավոր քողարկված քննադատության մեջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախազգուշացրել է սննդի և էներգիայի ռազմականացման մասին:
«Մենք պետք է վճռականորեն դեմ լինենք պարենային և էներգետիկ խնդիրների քաղաքականացմանն ու ռազմականացմանը»,- ասել է Սին։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ՝ G-20-ի ղեկավարների գագաթնաժողովից առաջ:
Զելենսկիի խնդրանքը
Դիմելով G-20-ի առաջնորդներին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բոյկոտելու նախնական սպառնալիքների ներքո Վիդոդոն հրավիրեց Զելենսկիին, չնայած Ուկրաինան խմբի անդամ չէ:
Որպես դիտորդներ հրավիրվել են նաև այլ ոչ անդամ երկրներ, այդ թվում՝ Իսպանիան, Նիդեռլանդները, Սինգապուրը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պետք է վերահաստատի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, դուրս բերի իր զորքերը ուկրաինական տարածքից և փոխհատուցի պատճառված վնասը։
Պուտինն անձամբ չի մասնակցում գագաթնաժողովին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սենյակում էր, երբ Զելենսկին խոսեց, իսկ ավելի ուշ լրագրողներին ասաց, որ Ուկրաինան հրաժարվում է խաղաղ բանակցություններից և առաջարկում է խաղաղության անիրատեսական պայմաններ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում գրել է, որ ինքը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կոչ են արել հարգել «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։