Իսրայելական այսպես կոչված «Վերադարձի օրենք»-ում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով ունի հրեա հարազատներ կարող է ներգաղթել Իսրայել և ստանալ Իսրայելի քաղաքացիություն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 300,000 մարդ զորակոչելու մասին որոշումը հազարավոր ռուսաստանցիների դրդել է տեղափոխվել Իսրայել կամ այլ երկրներ:
Ռուսաստանցի հրեաներ Իլայ Ագարիշևը և Օլգա Շպեկտորովան վերջին վեց տարիների ընթացքում մտածում էին իրենց երկու դստրերի հետ Իսրայել տեղափոխվելու մասին և նույնիսկ սկսեցին սովորել եբրայերեն։ Եվ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա նրանց համոզեց, որ այժմ ժամանակն է հեռանալ:
«Ես իսկապես դեմ եմ պատերազմին և չեմ ուզում մասնակցել դրան: Իմ ընկերներին զորակոչել են, և նույնիսկ ոմանք զոհվել են պատերազմում»,- ասում է Ագարիշևը։
«Մենք երկար բանավիճեցինք հեռանալու մասին, բայց Ռուսաստանում տիրող իրավիճակը մեզ իսկապես ստիպեց դիմել այդ քայլի։ Մենք այժմ մի փոքր հոգնած ենք, բայց պատրաստ ենք հաջորդ քայլերի»,- նշում է Օլգա Շպեկտորովան:
Ներգաղթյալների ու ներգաղթի հարցերով հրեական գործակալությունը նշում է, որ ավելի քան 30,000 ռուսաստանցիներ են ժամանել երկիր այն պահից, երբ Ռուսաստանը սկսել է իր պատերազմն Ուկրաինայում, և որ դիմումների թիվը մեծացել է այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց զորակոչի մասին։
Իսրայելցի քաղաքական գործիչ Նաթան Շարանսկին, նախկին խորհրդային այլախոհ է, ով ինը տարի անցկացրել է խորհրդային բանտերում Իսրայել գաղթելու իր ջանքերի պատճառով: Նա ասում է, որ հրեական ընտանեկան կապեր ունեցող ռուսաստանցիների փախուստն ավելի շատ կապված է Ռուսաստանի հասարակության նկատմամբ Պուտինի ավտոկրատական սահմանափակումների հետ:
«Դա սկսվեց այն պահից, երբ Պուտինը որոշ սահմանափակումներ դրեց խոսքի, կազմակերպությունների ազատության, արտերկրում այլ մարդկանց հետ շփվելու ազատության և մի գուցե ամենակարևորը՝ ազատ քննարկման և տարբեր տեսակետներ արտահայտելու ազատության վրա։ Դա մի բան է, որը շատ վախեցնում է հատկապես մտավորականությանը»,- նշում է նա:
Շատ ռուսաստանցիներ փնտրոմ են իրենց ծագումնաբանությունը Ռուսաստանի ազգային արխիվում՝ հրեա նախնիներ գտնելու համար, ինչը նրանց կթույլատրի ներգաղթել Իսրայել՝ Իսրայելի վերադարձի օրենքի համաձայն: Շարանսկին ասում է, որ մոտ 600,000 ռուսաստանցիներ ունեն նման հրեական ընտանեկան կապեր:
Հոդվածը պատրաստվել է Լինդա Գրադշտեյնի նյութի հիման վրա