Ուկրաինայի Խերսոն քաղաքից հյուսիս-արևելք ընկած առաջնագծում՝ Սվիթլանա Լիշենյուկի ավերված գյուղում, հինգշաբթի օրը, նոյեմբերի 10-ին մարդիկ առաջին անգամ կարողացան վայելել առանց պայթյունների գիշեր: Գյուղը Մոսկվայի կողմից փետրվար ամսին սկսած լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, ամեն օր ռմբակոծվում էր:
«Իսկապես ուրախ ենք, որ մեր զորքերը ազատագրում են մեր գյուղերն ու քաղաքները», - նշել է 63-ամյա կինը՝ կանգնած իր մոր բնակարանի շենքի առջև: Նա և իր ամուսինը ամիսներ առաջ հրաժարվել էին լքել այդ բնակարանը՝ չնայած իրենց շուրջը մոլեգնող պատերազմին: Լիշենյուկը պատմում է, որ իր գյուղը, որի անունը նա չի կարող բացահայտել ուկրաինական զինվորական կանոնների համաձայն, այժմ ամբողջովին ավերակների մեջ է:
Ռուսների նահանջը հաջորդեց Մոսկվայի կողմից մեկ օր առաջ արված հայտարարությանը, ըստ որի ռուսական ուժերն ամբողջությամբ տեղափոխվեցին Դնեպր գետի արևմտյան ափին գտնվող Խերսոնի տարածքներից դեպի արևելք: Լիշենյուկի գյուղում տիրած գիշերվա անդորրը հուշում էր այն մասին, որ ռուսները դուրս էին եկել գյուղից մինչ ուկրաինական զորքերի ներս մտնելը:
63-ամյա կինը, ով անցյալ տարի թոշակի է անցել, պատմում է որ նրանց թաղամասի մյուս բնակարանները ազատ են, իսկ տների ապակիները՝ ջարդված։ Դպրոցը, որտեղ նա աշխատում էր, նույնպես ավերակների է վերածվել։
«Հունիսի 9-ին այնպիսի ուժեղ հրետակոծություն եղավ, որ ամբողջ գյուղը տապալվեց: Մենք ստիպված էինք ամեն ինչ զրոյից սկսել և պատրաստվել ձմռանը»,- հավելել է նա:
Ընտանիքն այժմ ապրում է մարդասիրական օգնության, ամառվա ընթացքում աճեցրած թթու բանջարեղենի, մոտակա ջրհորի ջրի և երբեմն նաև մոտակայքի մթերային խանութի հաշվին: Նրանք ունեն նաև շարժական գեներատոր և փայտի վառարան։
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա: