Մատչելի հղումներ

 
Վրաստանն ու Հայաստանն ամենաազատ համացանց ունեցող երկրներն են նախկին Խորհրդային Միությունում, բացառությամբ Մերձբալթիկայի. Freedom House

Վրաստանն ու Հայաստանն ամենաազատ համացանց ունեցող երկրներն են նախկին Խորհրդային Միությունում, բացառությամբ Մերձբալթիկայի. Freedom House


Freedom House-ի «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցն անդրադարձել է Հայաստանին ու այլ երկրներին

2022 թվականին համաշխարհային համացանցի ազատությունը 12-րդ տարին անընդմեջ արձանագրել է հետընթաց, նշում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունը համացանցում» տարեկան զեկույցը: Ամենամեծ անկումն է արձանագրվել Ռուսասատնում, Մյանմարում, Սուդանում և Լիբիայում, մինչդեռ Գամբիան և Զիմբաբվեը գրանցել են ամենամեծ առաջընթացը: Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները զբաղեցրել է իններորդ տեղը, իսկ Իսլանդիան կրկին առաջատարն է համացանցի ազատության դասակարգման մեջ:

Հայաստանն, ըստ զեկույցի, դասվել է ազատ երկրների շարքին: Այս տարի Հայաստանը ստացել է 74 միավոր՝ երեք միավորով առաջ անցնելով անցած տարվա ցուցանշից: Զեկույցը հիշեցնում է, որ անցած տարի Հայաստանի կառավարությունը փոփոխեց քրեական օրենսգիրքը՝ քրեականացնելով ծանր վիրավորանքները, հատկապես վարչապետ Փաշինյանի հասցեին: Այս որոշումը քննադատության ալիք էր բարձրացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան գլոբալ կառույցների շրջանում, ներառյալ Freedom House-ի: Վերջինս տեղեկացնում է, որ կառավարությունը որոշել է չներառել այս օրենքը քրեական նոր օրենսգրքում՝ չնայած իր կիրառման ժամանակ այս մեղադրանքով հարուցվել է ավելի քան 800 քրեական գործ։

«Եվրասիա» անունը կրող նախկին ԽՍՀՄ երկրների խմբում Հայաստանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն Վրաստանին, որը 78 միավորով գլխավորում է հետխորհդային ինը երկրներից բաղկացած այս ցուցակը: Վրաստանն ու Հայաստանը Եվրասիա խմբի միակ ազատ համացանց ունեցող երկրներն են: Նրանց հաջորդում են «մասամբ ազատ» համացանց ունեցող Ուկրաինան (59 միավոր) ու Ղրղզստանը (53 միավոր): Այս խմբի ոչ ազատ համացանցով երկրներն են հերթականությամբ Ադրբեջանը (38), Ղազախստանը (32), Բելառուսը (28), Ուզբեկստանը (27) և Ռուսաստանը (23):

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատ գործունեության դեմ օրենք է ընդունվել 2022 թվականի փետրվարին, որով սահմանափակվում է օտարերկրյա ֆինանսավորումը՝ ներառելով այստեղ ինչպես լրատվամիջոցները, այնպես էլ անհատներին: Լրատվամիջոցները պետք է ներկայացված լինեն երկրի ներսում: Օրենքը հետագայում խստացրեց առանց այն էլ խիստ պահանջները առցանց լրատվամիջոցների նկատմամբ, որի արդյուքում շատ ադրբեջանցի լրագրողներ ստիպված եղան գործունեոքւթյուն ծավալել արտասահմանից՝ իշխանությունների հետապնդումներից խուսափելու համար, գրում է Freedom House-ը:

Ինչպես նշվել է, Ռուսաստանը ներառվել է ամենակտրուկ անկում գրանցած երկրների շարքում Մյանմարի, Սուդանի և Լիբիայի հետ: Ուկրաինա ներխուժումից հետո, ըստ զեկույցի, Կրեմլը կտրուկ ակտիվացրել է ներքին այլախոհությունը ճնշելու իր ջանքերը և փակել երկրում մնացած անկախ լրատվամիջոցներն ու հարթակները:

Հայաստանի մյուս երկու հարևան պետությունները՝ Թուրքիան և Իրանը համացանցի ազատության տըեսանկյունից ևս դասակարգվել են որպես «ոչ ազատ» երկրներ: Թուրքիան ստացել է 32 միավոր: Ըստ զեկույցի, այստեղ իշխանությունները արգելափակում են օտարերկրյա կայքերն ու սահմանափակումներ կիրառում արգելափակումներըն շրջանցող տեխնոլոգիաների նկատմամբ:

Իր հերթին Իրանում (16 միավոր) այս մեկ տարվա ընթացքում օտարերկրյա կայքերի արգելափակման և շրջանցող տեխնոլոգիաների սահմանափակման հետ մեկտեղ արձանագրվել է համացանցի և մի շարք սոցիալական հարթակների արգելափակում:

Համացանցի ազատությունը Միացյալ Նահանգներում առաջին անգամ վերջին վեց տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել: Երկիրն այժմ 9-րդն է աշխարհում՝ հավասարվելով Ավստրալիային և Ֆրանսիային։ Միացյալ Նահանգները դեռևս չունի Գաղտնիության մասին համապարփակ դաշնային օրենք և այս ուղղությամբ առաջընթացը նվազագույն է: 2022 թվականի նոյեմբերին կայանալիք միջնաժամկետ ընտրություններից առաջ, ըստ զեկույցի, ամերիկյան համացանցային միջավայրը ողողված է քաղաքական, ապատեղեկատվական, դավադրության տեսությունների վրա հիմնված և ընտրական ոլորտի աշխատակիցների և պաշտոնյաների դեմ առցանց ոտնձգություններ պարունակով բովանդակությամբ և նյութերով, ընգծում է զեկույցը։

«Ազատությունը համացանցում» զեկույցը բացահայտել է, որ առնվազն 53 երկրներում մեղադրանքներ են առաջադրվել կամ ձերբակալվել համացանցի օգտատերեր, որոնք հանդես են եկել քաղաքական կամ սոցիալական խնդիրների շորջ գրառումներով: Առնվազն 40 երկրների իշխանություններ արգելափակել են սոցիալական, քաղաքական կամ կրոնական բովանդակություն ունեցող գրառումներ համացանցում, որը բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն է «Ազատությունը համացանցում» զեկույցում: Առնվազն 22 երկրներում իշխանություններն արգելափակել են մուտքը սոցիալական լրատվամիջոցներ կամ հաղորդակցման հարթակներ:

XS
SM
MD
LG