Մատչելի հղումներ

Զելենսկին այցելել է Խերսոնում գտնվող ուկրաինական զորքերին


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը ելույթ է ունեցել նոր ազատագրված ուկրաինական Խերսոն քաղաքում գտնվող զինծառայողների առջեւ և ասել, որ Ուկրաինան «պատրաստ է խաղաղության՝ ողջ երկրի համար»։

Նախագահի այցը Խերսոն տեղի է ունենում հարավարևելյան քաղաքից ռուսական զորքերի նահանջից ընդամենը մի քանի օր անց:

«Ձմեռը կփոխի պայմանները և՛ ռուսական, և՛ ուկրաինական ուժերի համար», - երկուշաբթի օրը հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում:

«Ցերեկային լույսը կնվազի օրական 9 ժամից քիչ՝ ամառվա 15-16 ժամի համեմատ: Դա կհանգեցնի ավելի քիչ հարձակումների և ավելի կայուն պաշտպանության», - ասվում է զեկույցում: «Բացի այդ, «ոսկե ժամը», որը ծանր վիրավոր զինվորին փրկելու համար էր օգտագործվում, կկրճատվի մոտավորապես կիսով չափ՝ հակառակորդի հետ շփման վտանգը շատ ավելի մեծացնելով»:

Զելենսկին կիրակնօրյա իր ուղերձում ուկրաինացիներին հիշեցրել է չմոռանալ, «որ իրավիճակը Խերսոնի շրջանում դեռ շատ վտանգավոր է»։ Նա բնակիչներին հորդորել է յուրահատուկ զգուշություն ցուցաբերել: Նախագահը նշել է, «Խերսոնի մարզում ռուսական բանակը թողել է նույն վայրագությունները, ինչ երկրի մյուս շրջաններում: Մենք կգտնենք և պատասխանատվության կենթարկենք յուրաքանչյուր մարդասպանի: Անկասկած»:

Ուկրաինացի պաշտոնյաները կիրակի օրը սկսել են սնունդ, ջուր և դեղորայք տեղափոխել Խերսոն: Խերսոնի 300,000 բնակիչների ավելի քան երեք քառորդը փախել էր քաղաքից՝ ռուսական օկուպացիայի հետևանքով:

«Ռուսական օկուպացիոն ուժերը և համախոհներն ամեն ինչ արել էին, որպեսզի այն մարդիկ, ովքեր մնացել էին քաղաքում, հնարավորինս ծանր տանջվեին»,- ասել է Խերսոնի քաղաքապետ Ռոման Գոլովնյայի խորհրդականը:

Ազատագրված Խերսոնի բազմաթիվ բնակիչներ վերջին երկու օրերին հավաքվել էին քաղաքի փողոցներում՝ ծածանելով Ուկրաինայի կապույտ և դեղին դրոշները։ Սակայն, բնակիչները նաև պատմություններ էին պատմում ընկերների և ընտանիքի մասին, ովքեր կալանավորվել և անհետացել էին ռուսական օկուպացիայի ինը ամիսների ընթացքում:

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի կենտրոնական ծառաության նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG