Մատչելի հղումներ

Պետդեպարտամենտը կասկածի տակ է դրել Ռուսաստանի պատրաստակամությունը բանակցելու Ուկրաինայի հետ


ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկած է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ:

«Եթե Ռուսաստանը պատրաստ է այդ բանակցություններին, ապա նրանք պետք է դադարեցնեն երկրի ռմբակոծումը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ «Նրանք պետք է դադարեցնեն Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա հարձակումերն, սպանությունները և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը: Սակայն Կրեմլը, իհարկե, անում է հակառակը: Նրանք շարունակում են սաստկացնել պատերազմը՝ բանակցելու պատրաստակամության մասին որևէ իրական ազդանշան ուղարկելու փոխարեն»:

«Եթե Ռուսաստանը ցանկանում է բանակցել, ապա ինչո՞ւ, թեկուզ ժամանակավոր, նրանք դուրս եկան «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունից»,- հավելել է Փրայսը: «Թերևս սա միակ ֆորումն էր, որտեղ Ռուսաստանն ու Ուկրաինան անմիջականորեն շփվում էին ամենօրյա ռեժիմով։ Եթե Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ վարելու լուրջ պատրաստակամություն ցուցաբերել, նրանք կարող են դա սկսել՝ ստանձնելով Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը վերսկսելու իրենց պարտավորությունը»:

Փրայսը նշել է, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկին մի քանի անգամ հայտնել է, որ այս պատերազմը կարող է ավարտվել միայն երկխոսության և դիվանագիտության միջոցով։

«Մենք և մեր եվրոպացի դաշնակիցները համամիտ են նրա հետ»,- հավելել է Փրայսը:

«Սակայն Ռուսաստանը պարտավոր է ցույց տալ իր ցանկությունն ու պատրաստակամությունը՝ ուկրաինացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու հարցում»,- հայտնել է նա։ «Փոխարենը Ռուսաստանը միայն ուղարկում է, սպանությունների, կործանման և հետագա դաժանությունների ազդանշաններ»:

Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG