Լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է անցյալ շաբաթ Էնթոնի Բլինքենի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը ասելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր:
«Մեզ համար և հատկապես պետքարտուղարի համար կարևոր էր երկու կողմերին միավորել։ Իհարկե, պետքարտուղարը զրույցներ է ունեցել երկու ղեկավարների հետ, բայց վերջին բռնություններից հետո սա արտգործնախարարների առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր: Պետքարտուղարը երկու ղեկավարների համար ընդգծել է հրադադարի պահպանման, հանգստության պահպանման կարևորությունը՝ նշելով, որ մենք նվիրված ենք կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը»,- ասել է Նեդ Փրայսը:
Շարունակելով պատասխանել լրագրողների հարցերին Փրայսը հավելել է,- «Մեր ուղերձը հստակ է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իր զորքերը վերադարձնել ելման դիրքեր: Մենք կոչ ենք անում դուրս բերել ռազմական ուժերը և աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումն ընդունելի ճանապարհ չէ: Մենք դա պարզաբանել ենք մասնավոր կերպով: Մենք դա նաև հրապարակայնորեն հայտնել ենք, և ուրախ ենք, որ մեր շարունակական ներգրավվածությունը, այդ թվում՝ բարձր մակարդակներում, այդ թվում՝ անցյալ շաբաթ Նյու Յորքում, երկու երկրների հետ օգնել է դադարեցնել ռազմական գործողությունները, և մենք կշարունակենք ներգրավվել և խրախուսել աշխատանքը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար, քանի որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»:
Նա նաև հայտնել է, որ Պետդեպարտամենտը կանոնավոր կապի մեջ է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի պաշտոնյաների հետ։ Եվ դա կշարունակվի: