ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում իր ելույթը սկսեց՝ ներկայացնելով Ադրբեջանի չհրահրված ագրեսիան Հայաստանի պետական տարածքի վրա, որի ժամանակ, ինչպես նա հայտարարեց, Ադրբեջանն օգտագործել է ծանր զինտեխնիկա:
Փաշինյանը նշեց, որ հարձակման են ենթարկվել Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, հարակից գյուղեր՝ շեշտելով, որ սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցածը սահամնային բախում չէր, դա գրոհ էր Հայաստանի սուվերեն տարածքի վրա:
«Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին, Ջերմուկի բոլոր բնակիչները տեղահանվել են։ Ընդհանուր յոթ հազար վեց հարյուր բնակիչ տեղահանվել է այդ շրջաններից, տներ, հյուրանցներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ հիմնովին փլուզվել են։ Երեք խաղաղ բնակիչ մահացել է, երկուսը վիրավորվել։ Կին զիվորականի մարմին է խոշտանգվել ադրբեջանի զինվորականների կողմից»,- ներկայացրեց նա:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը:
Նա ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորական առաքելության ներկայությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար։
«Ադրբեջանը ամեն օր ուժի է դիմում, որպեսզի միակողմանիորեն պարտադրի իր պլանները։ Ադրբեջանը դա անում է Հայաստանի պետականությանը, անկախությանը, ժողովրդավարությանը վերջ տալու համար։ Ես ուզում եմ ընդգծել, որ մենք հաստատակամորեն ենք տրամադրված մեր ժողոդրվադարությունը, անկախությունը, սուվերենությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում։ Մենք պատրաստ ենք օգտագործել բոլոր միջոցները։ Ցանկանում եմ ընդգծել, որ դիվանագիտական լուծումները մեր հիմնական առաջնահերթությունն են։ Բացի այդ, մենք համարում ենք, որ առաջնահերթ կարևորություն ունի այս գործընթացում միջազգային հանրության ամբողջական ներգրավվածությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ հայ-ադրբեջանական սահմանի հարակից շրջաններում միջազգային դիտորդական առաքելությունը կարևոր գործոն կլինի տարածաշրջանային կայունության համար»,-մանրամասնեց ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ տարածաշրջանային կայունության ապահովման համար ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից։