Մատչելի հղումներ

Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները. Նենսի Փելոսի


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և իր գլխավորած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիր/թանգարանում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և իր գլխավորած պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիր/թանգարանում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կիրակի օրը սեպտեմբերի 18-ին խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից «անօրինական» սահմանային հարձակումները Հայաստանի վրա: Խոսնակը հանդես է եկել հայտարարություններով Հայաստան իր կատարած այցի ընթացքում՝ խոստանալով ամերիկյան աջակցություն Հայաստանի ինքնիշխանությանը: Դրա մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Երևանում ՀՀ Ազգային Ժողովի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին՝ Փելոսին ասել է, որ իր այցն առանձնահատուկ նշանակություն ունի, որը հաջորդել է «Ադրբեջանի կողմից հայկական տարածքի վրա անօրինական և մահաբեր հարձակումներին»: Դրանք հանգեցրել են սահմանային բախումների, որոնց ընթացքում զոհվել է ավելի քան 200 մարդ։

«Մենք խստորեն դատապարտում ենք այդ հարձակումները»,- ասել է Փելոսին։ «Սա նախաձեռնել են ադրբեջանցիները, և դրա ճանաչումը պետք է լինի»:

Փելոսին ասել է, որ պարզ է, որ սահմանային բախումները սկսվել են Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումների արդյունքում, և որ հակամարտության ժամանակագրությունը պետք է պարզ լինի:

Միացյալ Նահանգները, ասել է Փելոսին, ականջալուր է, թե ինչպիսի պաշտպանական կարիքներ ունի Հայաստանը: Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է օգնել և աջակցել Հայաստանին այն հարցում՝ այս իրավիճակը որակելով որպես ժողովրդավարության և ինքնավարության միջև գլոբալ պայքար:

Ներկայացուցիչների պալատի խոսնակը մասնակցել է նաև Երևանի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողությանը և այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Այցի ընթացքում նրան ուղեկցում են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը և Ջեքի Սփիեռը, ինչպես նաև հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուն:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG