Հինգշաբթի Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դիմավորելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայտարարեց Ռուսաստանի նկատմամբ հակահարձակման գործողությունների մասին: Բլինքենը հավելյալ 2,8 միլիարդ դոլարի աջակցություն է խոստացել Ուկրաինային և նրա հարևաններին։
«Պարոն նախագահ, մենք գիտենք, որ սա առանցքային պահ է՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից ավելի քան վեց ամիս անց, ձեր հակահարձակումն այժմ ընթացքի մեջ է և արդյունավետ: Դա, իհարկե, հիմնականում ուկրաինացիների անհավանական խիզախության և ճկունության արդյունքն է: Մենք դա տեսնում ենք մարտի դաշտում ամեն օր»։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ուժերը առաջխաղացում ունեն հյուսիսում, հարավում և արևելքում՝ հետ նվաճելով ավելի քան 20 քաղաքներ ու գյուղեր, այլ տարածքներ, որոնք գրավվել էին Ռուսաստանի կողմից:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Ուկրաինայի հակահարձակումները։
ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ելույթ ունենալով Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազայում Ուկրաինայի պաշտպանության խորհրդատվական խմբի հանդիպման ժամանակ, հաստատել է ուկրաինական նշանակալի առաջընթացը մարտի դաշտում։
«Ռազմաճակատում այժմ մենք տեսնում ենք մեր ընդհանուր ջանքերի հաջողությունը: Եվ ամեն օր մենք տեսնում ենք դաշնակիցների և գործընկերների վճռականությունը ամբողջ աշխարհում, ովքեր օգնում են Ուկրաինային դիմակայել Ռուսաստանի անօրինական, կայսերական և նվաճողական պատերազմին»:
Օսթինը նաև նկարագրել է, թե ինչ է ներառված 675 միլիոն դոլար արժողությամբ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող անվտանգության աջակցության լրացուցիչ փաթեթում:
«Նոր փաթեթը ներառում է ավելի շատ ՀԻՄԱՐՍ համակարգեր, զինամթերք, 105 միլիմետրանոց հաուբիցներ, հրետանային զինամթերք և HARM հրթիռներ, Humvees և զրահապատ շտապօգնության մեքենաներ, հակատանկային համակարգեր, փոքր զենքեր և այլն»:
Դեռևս վաղ է ասել, թե արդյոք ուկրաինական վերջին ձեռքբերումները կփոխեն պատերազմի ընթացքը, սակայն դրանք փոխել են դրա ընթացքի ընկալումը,- «Ամերիկայի Ձայն»-ին ասաց Ամերիկայի կաթոլիկ համալսարանի փորձագետ Մայքլ Քիմաժը:
«Կարծում եմ՝ պատերազմի բնույթը շտկելը շատ կարևոր է: Այսպիսով, դա խթան կհանդիսանա ուկրաինացիներըի համար»:
Հինգշաբթի Բլինկենը այցելեց նաև ռուսական ռմբակոծությունների հետևանքով վնասվածքներով հոսպիտալացված երեխաներին՝ ասելով, որ նրանք խոսում են երկրի ուժեղ ոգու մասին։ Նա նաև հանդիպել է ուկրաինական հայտնի որոնողական աշխատանքներ կատարող շանը՝ Պատրոնին և նրան մի քանի բան հյուրասիրել: