ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ուկրաինա է ժամանալ, ինչի մասին նախապես չէր հայտարարվել: Այցի նպատակն է ցույց տալ Վաշինգտոնի շարունակական աջակցությունը Կիևին, երբ արդեն վեց ամիս շարունակվում է Ռուսաստանի կողմից սկսված պատերազմը:
Բլինքենն այստեղ հայտարարել է Ուկրաինային և տարածաշրջանի 18 այլ երկրների 2,6 միլիարդ դոլարի օգնություն ցուցաբերելու մասին: Խոսքն այն երկրների մասին է, որոնք «գտնվում են ռուսական ագրեսիայի առավել հավանական վտանգի տա», ասել է նա:
Բլինքենը մեծապես է կարեւորել ընթացիկ ժամանակաշրջանը, երբ Անկախության օրը նշելուց հետո ուկրաինական ուժերը կենտրոնացել են հակահարձակումների վրա:
Բլինքենի այցը Կիև տեղի է ունենում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա հանդիպման նախօրեին: ‘’Աշխարհի երկրների առաջնորդները հավաքվելու են վերահաստատելու համար ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները’’, ասել է Բլինքենը:
«Մեր գործունեությունը մենք կենտրոնացրել ենք Ուկրաինայի հաղթանակն ապահովելու խնդրի վրա: Եվ ջանք չենք խնայում, որպեսզի, երբ գա բանակցությունների սեղանի շուրջ նստելու ժամանակը, Ուկրաինան գտնվի ամենաուժեղ դիրքերում», - ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն էլ հինգշաբթի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Ուկրաինային տրամադրել եւս 675 միլիոն դոլարի անվտանգության նոր օգնություն: Վաշինգտոնը դրանից երկու շաբաթ առաջ էր Կիեւին խոստացել 3 միլիարդ դոլար:
Անվտանգության լրացուցիչ փաթեթը կներառի հաուբիցներ, բարձր շարժունակության հրետանային հրթիռային համակարգեր կամ HIMARS տիպի կայանքներ, արագընթաց հակաճառագայթային հրթիռներ, նռնականետեր, բժշկական զրահամեքենաներ և գիշերային տեսանելիության սարքեր, ի թիվս այլ սարքավորումների:
Դա Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կհասցնի մոտավորապես 15,2 միլիարդ դոլարի: Օսթինն ընդգծել է մարտադաշտում ընդհանուր ջանքերի ակներեւ հաջողությունը:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ Ուկրաինան հրթիռային հարվածներ է հասցրել, որոնք հարվածել են բռնակցված Ղրիմում տեղակայված ռուսական ռազմաբազաներին:
Կիևում գտնվելու ժամանակ Բլինքենը այց է կատարել մանկական հիվանդանոց, որտեղ հանդիպել է ռուսական կողմի ռմբակոծություններից տուժած երեխաներին:
Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում ամեն օր միջին հաշվով հինգ երեխա է սպանվում կամ վիրավորվում: Այս մասին է տեղեկացնում «Save the Children» մարդասիրական օգնության կազմակերպությունը:
Սույն հոդվածը կազմելիս կիրառվել են Associated Press, Agence France-Presse և Reuters լրատվական գործակալություններից ստացված տեղեկություններ: