Մատչելի հղումներ

Johnson & Johnson-ը դադարեցնում է տալկի վրա հիմնված մանկական փոշու համաշխարհային վաճառքը


2023 թվականին Johnson & Johnson-ը կդադարեցնի տալկի վրա հիմնված մանկական փոշի վաճառել ամբողջ աշխարհում, հինգշաբթի օրը հայտարարել է ընկերությունը: Ավելի քան երկու տարի առաջ Johnson & Johnson-ը նաև դադարեցրել էր այդ ապրանքատեսակի վաճառքը ԱՄՆ-ում, քանի որ հազարավոր սպառողներ անվտանգության հայցեր էին հարուցել ընկերության դեմ:

«Համաշխարհային պորտֆելի գնահատումից հետո՝ մենք առևտրային որոշում ենք կայացրել անցնել եգիպտացորենի օսլայի վրա հիմնված մանկական փոշուն», - ասվել է ընկերությունը հաղորդագրության մեջ հավելելով, որ եգիպտացորենի օսլայի վրա հիմնված մանկական փոշին արդեն վաճառվում է աշխարհի տարբեր երկրներում:

2020 թվականին J&J-ը հայտարարել էր, որ կդադարեցնի իր տալկից պատրաստված մանկական փոշու վաճառքը Միացյալ Նահանգներում և Կանադայում: Ըստ ընկերության, արտադրանքի նկատմամբ պահանջարկն ընկել էր անվտանգության մասին տարածված «ապատեղեկատվության» հետևանքով, ինչը ընկերության համար առաջացրել էր իրավական մարտահրավերների տարափ:

Ընկերությունը սպառողների կողմից մոտ 38,000 հայց էր ստացել, որոնք պնդում են, որ իր արտադրանքի մեջ պարունակվող տալկի մեջ առկա ասբեստը քաղցկեղ է առաջացնում: J&J-ը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ տասնամյակների գիտական փորձարկումները և անվտագութան կարգավորական աշխատանքները ցույց են տվել, որ իր տալկը անվտանգ է և ասբեստ չունի: Հինգշաբթի օրը, J&J-ը արտադրանքի դադարեցման մասին հայտարարության ժամանակ կրկին կրկնել է, որ վստահ է, որ մանկական փոշուին անվտանգ է:

Ըստ CNN լրատվականի, Սենթ Լուիսի երդվյալ ատենակալները 2018 թվականին ընկերության դեմ 4,7 միլիարդ դոլարի վճիռ են կայացրել՝ ասելով, որ ընկերությունը անփույթ է և չի զգուշացրել սպառողներին իր մանկական փոշու հնարավոր առողջության վտանգի մասին:

J&J-ը հոկտեմբեր ամսին անջատվել էր իր LTL Management դուստր ձեռնարկությունից՝ դրան փոխանցելով տալկի շուրջ բոլոր մեղադրանքները և պահանջները: Այնուհետև ընկերությունը անմիջապես սնանկացրել էր LTL Management-ը՝ դադարեցնելով բոլոր առկախ դատավարությունները:

Նրանք, ովքեր դատի են տվել ընկերությանը , ասում են, որ Johnson & Johnson-ը պետք է շարունակի պաշտպանել իրեն այդ դատական հայցերից, մինչդեռ J&J-ի և սնանկացած դուստր ձեռնարկության ամբաստանյալները ասում են, որ դա արդարացի միջոց է հայցվորներին փոխհատուցելու համար:

Հոդվածը պատրաստվել է Reuters և CNN լրատվականների նյութերի հիման վրա:

XS
SM
MD
LG