Մատչելի հղումներ

Չինաստանը Թայվանին է մոտեցնում իր զորավարժությունների սահմանները


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի կողմից Թայվան կատարած այցելությունից երկու օր անց Չինաստանի զինված ուժերը շարունակում էին սադրիչ զորավարժությունները կղզու մոտ։ Վերլուծաբաններն ունեն լուրջ մտավախություն:

Չինաստանը երկրորդ օրն անընդմեջ մի քանի ռազմական ինքնաթիռներ և նավեր է ուղարկել դեպի Թայվանի նեղուց, որը Չինաստանի հետ ծովային սահմանն է: Սկսելով քառօրյա զորավարժություններ՝ Չինաստանը փաստացիորեն շրջապատել է Թայվանը: Այն մեկ օրվա ընթացքում արձակել է բալիստիկ 11 հրթիռ, որոնցից չորսը թռել են կղզու վրայով:

Չինաստանն ասում է, որ զորավարժությունները կավարտվեն կիրակի օրը, սակայն որոշ վերլուծաբաններ մտավախություն ունեն, որ սադրանքները կշարունակվեն:

Ամանդա Հսիաոն Թայպեյում Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբաններից է: Նրա խոսքերով, Պեկինը Փելոսիի այցից հետո ստեղծված լարված իրավիճակը կարող է օգտագործել այլ նպատակներ առաջ տանելու համար եւ կփորձի նման զորավարժությունները դարձնել սովորական երեւույթ Թայվանի գլխավերեւում: Նա ունի մտավախություն, որ Չինաստանը պարբերաբար ռազմաօդանավեր և ռազմանավեր կուղարկի Թայվանի նեղուցի այսպես կոչված միջին գծի մոտ, մի բան, որը մինչ այժմ տեղի չի ունեցել:

Եթե Չինաստանը պահպանի իր ներկայությունը Թայվանին ավելի մոտ տարածքներում, ապա այն կմեծացնի սխալ հաշվարկների հնարավորությունը։ Բացի այդ, այն կսեղմի Թայվանի զինված ուժերի մանևրելու տարածքը:

Բայց առայժմ Թայվանի զինվորականները, թվում է, ունեն ազատ տեղաշարժ, նշում է RAND Corporation-ի վերլուծաբան Դերեք Գրոսմանը:

‘’Եթե իսկապես խնդիր լինի, դրա մասին արագ կտեղեկանանք, քանի որ նրանք նման դեպքում օգնություն կխնդրեն Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից և Ավստրալիայից’’, ասում է նա:

Չինաստանը զայրացած է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից Թայվան կատարած այցի համար:

Չնայած Թայվանը երբեք չի եղել Չինաստանի Հանրապետության կազմում, Պեկինը պնդում է, որ 24 միլիոն ազգաբնակչություն եւ միայն 36 հազար քառ. կիլոմետր զբաղեցնող այս կղզին իր անբաժան մասնիկն է:

Այցից երկու օր անց Փելոսին հանդես է եկել իր այցը պաշտպանող հայտարարությամբ` ասելով, որ այն ուներ Թայվանի ստատուս քվոն պահպանելու, այլ ոչ թե Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը փոփոխության ենթարկելու նպատակ:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG