Մատչելի հղումներ

Փելոսին` Թայվանում, չինական ռազմաօդանավերն` այս կղզու մոտակայքում


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին երեքշաբթի օրն ուշ երեկոյան ժամանեց Թայվան՝ հանդիպելու նախագահ Ցայ Ինգ Վենին` դառնալով վերջին 25 տարիների ընթացքում ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որն այցելում է Չինաստանի կողմից իր անբաժան մասնիկը համարվող այս կղզի:

«Չինաստանը պիտի հասկանա, որ չի կարող խոչընդոտ դառնալ Թայվան ժամանող մարդկանց ճանապարհին’’, ասել է Փելոսին: Ելույթ ունենալով խորհրդարանում, Փելոսին ասել է, որ մեծ պատիվ է համարում իրեն որպես Թայվանի «լավ բարեկամ» կոչելը՝ հավելելով, որ ինքը և Կոնգրեսի պատվիրակությունը, որն ուղեկցում էր իրեն, եկել են Թայվան որոշակի նպատակով: «Որպես Կոնգրեսի պատվիրակություններ, մենք երեք նպատակ ունենք՝ անվտանգություն, տնտեսություն եւ կառավարում’’, ասել է Նենսի Փելոսին:

Չինաստանը, որը Թայվանը համարում է իր անբաժան մասնիկը, այլ ոչ թե անկախ հանրապետություն, այլ կերպ է մեկնաբանում Փելոսիի այցը եւ անմիջապես սկսում զորավարժություններ կղզու շուրջ՝ դա համարելով Թայվանի անկախության ձգտումների դեմ նախազգուշացում:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին մեկ անգամ եւս հայտարարում է, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Թայվանի անկախությանը: ‘’Մենք գտնում ենք, որ Չինաստանի ու Թայվանի միջեւ առկա տարաձայնությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով: Մենք դա ուղղակիորեն հայտնել ենք Չինաստանին ամենաբարձր մակարդակներում, այդ թվում՝ նախագահներ Բայդենի և Սիի միջեւ անցած շաբաթվա հեռախոսազրույցի ընթացքում’’, ասել է Քըրբին:

Թայվանը փաստացի, դե ֆակտո ինքնավար երկիր է, բայց Չինաստանը նրան համարում է իրենից անջատված նահանգ, որն ի վերջո պիտի վերամիավորվի իր հետ:

Չինաստանի արտգործնախարար Վան Ին ասել է, որ «Նրանք, ովքեր խաղում են կրակի հետ, կպատժվեն: ԱՄՆ-ն այսպես կոչված ժողովրդավարության քողի տակ խախտում է Չինաստանի ինքնիշխանությունը»,- հավելել է նա։

ԱՄՆ-ն մի կողմից ընդունում է «Մեկ Չինաստան» քաղաքականությունը, որը որպես Չինաստան է համարում միայն Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը մայրաքաղաք Պեկինով, այլ ոչ Թայպեյով: Մյուս կողմից այն պահպանում է «ամուր ոչ պաշտոնական» հարաբերություններ կղզու, այսինքն մոտ 24 միլիոն ազգաբնակչություն ունեցող Թայվանի հետ, որին շարունակ մատակարարում է զենք, Չինաստանից հնարավոր ներխուժման դեպքում պաշտպանվելու համար:

XS
SM
MD
LG