ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի այցը Թայվան հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ քայլով նա անտեսեց Չինաստանի սպառնալիքները: Նրա օդանավի հետագծին հետեւողների թիվը գրանցել է համաշխարհային ռեկորդ:
Չինաստանը Փելոսիի այցին արձագանքեց՝ Թայվանին հարող ծովերում, և օդային տարածքում լայնածավալ զորավարժություններ սկսելով: Այն նաեւ պաշտոնական բողոք ներկայացրեց Չինաստանում ԱՄՆ- ի դեսպան Նիկոլաս Բերնսին: Արտաքին գործերի նախարար Ուանգ Յին Փելոսիի այցն անվանեց «ֆարս» և «այլասերված» ու հայտարարեց, թե նրանք, ովքեր վիրավորում են Չինաստանին, կպատժվեն:
Սպիտակ տունը, ընդհակառակը, փորձեց մեղմել լարվածությունը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է մնում մեկ Չինաստանի իր վաղեմի քաղաքականությանը, որը ճանաչում է Պեկինը, բայց թույլ է տալիս ոչ պաշտոնական հարաբերություններ և պաշտպանական կապեր Թայպեյի հետ:
Չինաստանը պնդում է, որ ինքնավար Թայվանն իրենն է, և Փելոսիի այցը համարում է սադրանք:
Փելոսին Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները չի հրաժարվելու Թայվանի հանդեպ իր պարտավորություններից: Ցայը նշել է, որ 24 միլիոն ազգաբնակչություն ունեցող կղզին կշարունակի պահել ժողովրդավարության իր որդեգրած ուղին և չի նահանջելու Չինաստանից եկող ռազմական սպառնալիքների առջեւ:
Ինչպես Բրուքինգսի հաստատության վերլուծաբաններից Մայքլ Օ'Հենլոնն է Skype-ի միջոցով ասում. ‘’Կարծում եմ, որ Չինաստանը իր խիստ արձագանքով ունի որոշակի ուշադրություն իր վրա հրավիրելու անհրաժեշտություն, որպեսզի բոլորս մի քանի օրով մի փոքր անհանգստանանք: Պեկինը հույս ունի, որ դա թույլ չի տա նման դեպքերի կրկնություն: Բայց ես չեմ կարծում, որ այն կվերածվի հսկա ճգնաժամի’’:
Ներկայացուցիչների պալատի 82-ամյա նախագահ Փելոսին չորեքշաբթի օրը Թայվանից մեկնեց Հարավային Կորեա, շարունակելով ասիական տարածաշրջանում իր ուղեւորությունը: Հինգշաբթի օրը նրա օդանավը վայրէջք կատարեց Ճապոնիայում:
‘’Ամերիկայի Ձայն’’