Միջուկային զենքի չտարածման համաժողովի մեկնարկին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրեց, որ մեծանում է միջուկային զենքի ձեռք բերման վտանգը, քանիոր թուլանում է էսկալացիան կանխելու համար պաշտպանական կարողությունը:
«Այսօր մարդկությունը միջուկային ոչնչացումից հեռու է ընդամենը մեկ թյուրիմացության, մեկ սխալի հաշվարկով»,- ասել է Անտոնիո Գուտերեշը Միջուկային զենքերը չտարածելու մասին պայմանագրի (NPT) վերաբերյալ համաժողովի բացմանը։
Նա զգուշացրել է, որ միջուկային ենթատեքստով ճգնաժամեր առկա են Մերձավոր Արևելքից մինչև Կորեական թերակղզի, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամում:
Նա ասաց, որ ամբողջ աշխարհում կուտակված է մոտ 13,000 միջուկային զենք:
«Պետությունները կեղծ անվտանգություն են փնտրում՝ կուտակելով և հարյուր միլիարդավոր դոլարներ ծախսելով «դատաստանի օրվա» զենքերի համար, որոնք տեղ չունեն մեր մոլորակի վրա», - ասել է նա՝ նշելով, որ մարդիկ կանգնած են Երկրորդ համաշխարհային պատերազմի դասերը մոռանալու վտանգի առջև:
Գուտերեշը տեղեկացրել է, որ ինքը կմեկնի Ճապոնիա՝ մասնակցելու օգոստոսի 6-ին Հիրոսիմայում կայանալիք հիշատակի օրվա միջոցառումներին՝ նվիրված ԱՄՆ-ի կողմից ճապոնական քաղաքների միջուկային ռմբակոծմանը:
1970 թ.-ին ուժի մեջ մտնելուց ի վեր, Չտարածման մասին պայմանագիրը եղել է միջուկային զենքի չտարածման ռեժիմի հիմնասյունը: Այն կողմերին կոչ է անում կանխել միջուկային զենքի տարածումը, նպաստել զինաթափմանը, ինչպես նաև միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ միջազգային համագործակցությանը։
Գուտերեշը նաև կոչ է արել երկրներին խթանել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործումը՝ մաքուր էներգիան և բժշկական առաջընթացը զարգացնելու համար:
«Այս տեխնոլոգիան կարող է մեծ օգուտ բերել մարդկությանը, եթե օգտագործվում է խաղաղ նպատակներով», - ասում է նա:
Ուկրաինայի դեմ պատերազմում միջուկային զենք օգտագործելու Ռուսաստանի սպառնալիքները համաժողովին դատապարտման են ենթարկվել առաջնորդների ու տարբեր կառույցների կողմից:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ հունվարին միջուկային հինգ տերությունները՝ Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, բոլորն էլ հաստատեցին, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել և այն երբեք չպետք է սանձազերծվի:
«Հաջորդ ամիս Ռուսաստանը սկսեց լայնածավալ ներխուժում Ուկրաինա»,- ասել է Բլինքենը։ «Այն զբաղված է անխոհեմ, վտանգավոր միջուկային սպառնալիքներով: ՌԴ նախագահ Պուտինը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինայի ինքնապաշտպանությանը, «կարող են առերեսվել այնպիսի հետևանքների, ինչպիսին երբեք ականատես չեն եղել ողջ պատմության ընթացքում»:
Բլինքենը մատնանշեց Ռուսաստանի կողմից Եվրոպայի ամենամեծ ատոմակայանի՝ Զապորոժժիայի գրավմանը՝ շեշտելով, որ ռուսական կողմն այժմ այն օգտագործում է որպես ռազմաբազա, քանի որ ուկրաինացիները չեն կարող պատասխան կրակ բացել իրենց դիրքերի ուղղությամբ միջուկային ռեակտորի պատճառով:
Ճապոնիայի վարչապետը ևս արձագանքել է Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ միջազգային մտահոգություններին։
«Ռուսաստանի կողմից միջուկային օբյեկտների վրա վերջին հարձակումները չպետք է հանդուրժվել», - ասել է Ֆումիո Կիսիդան:
«Հարձակվելով մի երկրի վրա, որը հրաժարվեց միջուկային զենքից՝ Ռուսաստանը դաժանորեն խախտում է այն երաշխիքները, որոնք տվել է Բուդապեշտի հուշագրով»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը՝ նկատի ունենալով 1994 թվականի համաձայնագիրը, որով Ուկրաինան ԽՍՀՄ-ի փլուզումից հետո հրաժարվել է իր տարածքում մնացած միջուկային զենքից անվտանգության երաշխիքների դիմաց:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի ներխուժման սկզբից նա սահմանել է միջուկային անվտանգության յոթ հիմնակետեր, որոնք չպետք է խախտվեն հակամարտության ընթացքում, այդ թվում՝ օբյեկտներիև այնտեղ աշխատող անձնակազմի անվտանգությունը:
«Այս բոլոր յոթ սկզբունքները ոտնահարվել կամ խախտվել են այս ողբերգական դրվագով», - քննարկաման ժամանակ ասել է գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին:
Սպասվում է, որ քննարկմանը Ռուսաստանը ելույթ կունենա ավելի ուշ:
Համաձայնագրի կողմ հանդիսացող 191 երկիր, այդ թվում՝ միջուկային զենք ունեցող հինգ պետությունները (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Միացյալ Թագավորություն և ՄիացյալՆահանգներ) մասնակցում են համաժողովին, որը տևելու է մինչև օգոստոսի 26-ը:
Համաժողովից առաջ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել, որ ՄիացյալՆահանգները հավատարիմ է Չտարածման պայմանագրին և իր պարտավորություններին՝ որպես միջուկային տերություն, և աշխատում է զերծ պահել աշխարհը միջուկային զենքից: Նա ասաց, որ իր վարչակազմը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ սպառազինությունների վերահսկման նոր շրջանակի շուրջ, որը կփոխարինի New START-ին, երբ դրա ժամկետը լրանա 2026 թվականին:
«Սակայն բանակցությունները պահանջում են բարեխիղճ գործող պատրաստակամ գործընկեր», - ասել է Բայդենը: «Իսկ Ուկրաինայում Ռուսաստանի դաժան և չհրահրված ագրեսիան խարխլել է խաղաղությունը Եվրոպայում և հարձակում է միջազգային կարգի հիմնարար սկզբունքների վրա»: Նա ասել է, որ Մոսկվան պետք է ցույց տա, որ պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ միջուկային զենքի վերահսկման ուղղությամբ քննակումները։
Կոնֆերանսում պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները պահպանում է իր միջուկային զինանոցը, որը սառը պատերազմի ավարտից հետո կրճատվել է 90%-ով, որպես զսպող միջոց և այն կօգտագործի միայն «ծայրահեղ հանգամանքներում»՝ պաշտպանելու իր կենսական շահերը, նրա դաշնակիցներին ու գործընկերներին։
Ավելի քան 133 կառավարություններ և միջուկային կազմակերպություններ ելույթ կունենան երկուշաբթի մեկնարկած և հինգշաբթի օրը շարունակվող քննարկմանը:
Այս շաբաթ ելույթ կունենա նաև Իրանի փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին: Համաշխարհային տերությունները փորձում են ստիպել Իրանին վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին:
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնք համաձայնագրի մաս են կազմում, ԱՄՆ-ի հետ միասին, որը դուրս է եկել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, բայց ձգտում է փոխադարձ վերադարձի Իրանի հետ, հայտարարել են, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ստեղծի:
«Մենք ցավում ենք, որ չնայած դիվանագիտական ինտենսիվ ջանքերին, Իրանը դեռևս չի օգտվել Գործողությունների Համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական կատարումը վերականգնելու հնարավորությունից»,- ասել են նրանք՝ կոչ անելով Իրանին վերադառնալ համաձայնագրին:
Մտահոգություն կար նաև Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի առաջխաղացման կապակցությամբ: Պետքարտուղար Բլինքենն ասել է, որ Փհենյանը պլանավորում է իր յոթերորդ ապօրինի միջուկային փորձարկումը:
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռոսսին ասել է, որ հույս ունի, որ իր գործակալության տեսուչները կարող են վերադառնալ Հյուսիսային Կորեա՝ 2009 թվականին այնտեղից վտարվելուց հետո: «Առանց դրա չի լինի որևէ վստահություն», - ասել է Ռոսսին:
Ստուգատեսի համաժողովի բացակայողների թվում են Իսրայելը, Հնդկաստանը և Պակիստանը: Ենթադրվում է, որ բոլորն էլ միջուկային զենք ունեն, բայց չեն ստորագրել Չտարածման մասին պայմանագիրը:
Որոշ երկրներ նույնպես անհանգստություն հայտնեցին Չինաստանի աճող միջուկային զինանոցի վերաբերյալ:
«Չինաստանի զինանոցն աճում է», - ասել է Դանիայի արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը սկանդինավյան երկրների անունից: «Մենք կոչ ենք անում Չինաստանին ակտիվորեն ներգրավվել սպառազինությունների վերահսկման գործընթացներում՝ որպես միջուկային զենք ունեցող պատասխանատու պետություն»:
Հոդվածը պատրաստվել է ՄԱԿ-ում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Մարգարետ Բեշերի նյութիհիման վրա