Ուկրաինայում մարտավարական կամ փոքր հզորության միջուկային զենք կիրառելու մասին Ռուսաստանի սպառնալիքը չի կարող արժանանալ անտարբերության: Այս մասին հինգշաբթի օրը Ջորջիայի տեխնոլոգիական հաստատությունում ունեցած ելույթում ասել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, սակայն նշել նաեւ, որ հետախուզական վարչությունը չունի Մոսկվայի նման ծրագրի մասին ապացույցներ:
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Վլադիմիր Պուտինի մերձավոր Դմիտրի Մեդվեդևն այսօր կեսօրին զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Մոսկվան միջուկային զենք և հիպերձայնային հրթիռներ կտեղակայի Կալինինգրադում, եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան միանան Հյուսիսատլանտյան դաշինքին:
ԿՀՎ-ի տնօրենը խոսել է Պուտինի «հնարավոր անխոհեմության» և ձախողումների մասին, ում ուժերը մեծ կորուստներ են կրել, ու Կիևը գրավելու անհաջող փորձից հետո` նահանջել Հյուսիսային Ուկրաինայի մի քանի շրջաններից: Այդ պատճառներով «մեզնից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական կամ փոքր հզորության միջուկային զենքի պոտենցիալ օգտագործման սպառնալիքին», - ասել է Բերնսը:
‘’Այնուամենայնիվ, չնայած Կրեմլի հռետորական հայտարարություններին, մենք զորքերի նման տեղակայման գործնական ապացույցներ չենք արձանագրել’’, ավելացրել է ԿՀՎ-ի ղեկավարը:
Փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակն իր զինանոցում ունի մարտավարական և փոքր հզորության միջուկային մոտավորապես 2000 զենք։
Բերնսը, պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչն է դրդել Պուտինին պատերազմել Ուկրաինայի դեմ, ասել է. ‘’Պուտինը կարծում էր, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չափազանց զբաղված են իրենց ներքին խնդիրներով: Ռուսաստանի ղեկավարությունը նաեւ հույսեր էր կապում Ռուսաստանի պատժամիջոցներից պաշտպանված արժութային պահուստների հետ’’։
«Պուտինը սխալվեց այդ կետերից յուրաքանչյուրում», - ասել է Բերնսը:
Ռուսաստանի ղեկավարը, հավանաբար, տոգորված վրդովմունքի, չիրականացված փառասիրության և անապահովության զգացումներով, տեսավ, որ «Ուկրաինայի կողմնորոշումը ձևավորելու պատուհանը» փակվում է, և որ հարևան երկիրը որոշել է միանալ արևմտյան ուժերին։ Բերնսը Պուտինին անվանել է «վրեժի առաքյալ»։
ԱՄՆ-ի հետախուզությունը կենսական նշանակություն է ունեցել ռուսական ուժերի դեմ ուկրաինական բանակի մղած պայքարում, ասել է ԿՀՎ-ի տնօրեն, նախկինում Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Բերնսը:
Հոդվածը կազմված է ''Ռոյթերս'' գործակալությունից ստացված լուրերի հիման վրա: