Մատչելի հղումներ

Կոնգրեսական Սլոտկին. Ուկրաինայում զոհվել կամ վիրավորվել է ավելի քան 75,000 ռուս զինծառայող


ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիսա Սլոտկին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիսա Սլոտկին

Օրենսդիրն ասում է, որ այս տվյալները իրեն հայտնել են Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները

Ավելի քան 75,000 ռուս զինծառայողներ, որոնք կազմում են փետրվարից Ուկրաինա ներխուժած ՌԴ բանակային զորամիավորման ընդհանուր թվի կեսը, սպանվել կամ վիրավորվել են, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիսա Սլոտկինը։

Օրենսդրի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Կիևը ջանքեր է գործադրոմ՝ օկուպացված Խերսոնի շրջանի ուղղությամբ հակահարձակում կազմակերպելու համար՝ այս շրջամնի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով:

Այդ մասին CNN-ին ասել է դեմոկրատ կոնգրեսական Էլիսա Սլոտկինը Ջո Բայդենի վարչակազմի պաշտոնյաների հետ գաղտնի զրույցից հետո:

«Մեզ ասացին, որ ավելի քան 75,000 ռուսաստանցի զինծառայող զոհվել կամ վիրավորվել է, և սա հսկայական թիվ է։ Անհավատալի միջոցներ են ներդրվել նրանց ցամաքային զորքերում, սակայն դրանց ավելի քան 80 տոկոսը կանգ են առել, ու գտնվում են հոգնած վիճակում»,- ասել է կոնգրեսական Սլոտկինը։

Ռազմական զոհերը Ռուսաստանում պետական գաղտնիք է: Նույնիսկ խաղաղ պայմաններում ՌԴ իշխանությունները որևէ պաշտոնական տվյալներ չեն տրամադրում Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ զոհվածների թվի մասին։ ԿՀՎ-ի վերջին գնահատականների համաձայն՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 15 հազար ռուսաստանցի զինծառայող: Իր հերթին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ռուսաստանցի զինվորականների զոհերի թիվը կազմում է ավելի քան 40 հազար։

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ՝ կոնգրեսական Սլոտկինը վերջերս է վերադարձել Ուկրաինա կատարած այցից և ասում է, որ առաջիկա երեքից վեց շաբաթները կարող են վճռորոշ դառնալ, թե որ ուղղությամբ կզարգանա հակամարտությունը: Նրա պնդմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները վճռական են տրամադրված՝ ռուսական ուժերին մինչև ձմեռ մի քանի լուրջ հարվածներ հասցնելու ուղղությամբ:

Ըստ Ազատություն ռադիոկայանի՝ Ուկրաինան շարունակում է իր հակահարձակումը՝ Ռուսաստանի կողմից օկուպացված երկրի հարավում գտնվող Խերսոնը հետ գրավելու համար:

Բրիտանական հետախուզությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Խերսոնը, որը դարձել է կարևոր հենակետ այս պատերազմի ընթացքում, գտնվելով ՌԴ-ի կողմից օկուպացման ներքո, այժմ գործնականում կտրված է այլ օկուպացված տարածքներից, և դրա կորուստը լուրջ հարված կհասցնի Ռուսաստան ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական դիրքերին:

Հոդվածը պատրաստվել է Reuters, Agence France-Presse գործակալությունների ու Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG