Մատչելի հղումներ

Փորձագետներ. Ռուսաստանի համար պատերազմի անհաջող ընթացքը փոխում է նավթի և զենքի շուկաները


Ատլանտյան խորհուրդը քննարկել է Հնդկաստանի դերը ռուսական էներգակիրների ոլորտում

Փետրվարի 24-ից հետո փոխվել է արդյո՞ք Հնդկաստանի դերը ռուսական էներգետիկ ոլորտում։ Այս հարցը քննարկվել է անցյալ շաբաթ Ատլանտյան խորհրդում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ:

Ռուսական պաշտոնական լրատվամիջոցների քարոզչությունը դեպի Արևելք Մոսկվայի շրջադարձում առաջնային տեղ է տալիս Չինաստանին՝ Հնդկաստանը ակնհայտորեն թողնելով ստվերում: Դելիի հետ բարեկամության խորացման մասին խոսակցությունները շատ ավելի քիչ արդիական են: Այնուամենայնիվ, ըստ Reuters գործակալության, Հնդկաստանը տարեկան կտրվածքով ապրիլ-մայիսին ավելացրել է Ռուսաստանից ներկրվող նավթի գնումները 4,7 անգամ կամ ավելի քան 400 հազար բարելով։ Դա տեղի է ունեցել դեմպինգային զեղչի շնորհիվ։ Բացի այդ, Հնդկաստանը մեծացնում է ռուսական ածխի ներմուծման ծավալը։

Kepler-ի էներգակիրների ոլորտի ավագ տնտեսագետ Ռիդ Լանսոնը մատնանշում է գնումների կտրուկ աճի փաստը: Եթե մինչև Ուկրաինա ներխուժումը Հնդկաստանը օրական գնում էր 100,000 բարելից պակաս, ապա հուլիսին մատակարարումները երբեմն գերազանցում էին օրական մեկ միլիոն բարելը:

Փորձագետը հիշեցնում է, որ ռուսական նավթն ավելի «ծանր» է համեմատած այլ երկրների էներգակիրների, և դրա վերամշակումից հետո դրանից կարելի է ստանալ օրինակ դիզվառելիք։ Միաժամանակ Եվրոպան ռուսական նավթը փոխարինեց աշխարհի այլ տարածաշրջանների «ավելի թեթև» նավթի տեսակով, որի վերամշակումից ստացվում է ավելի թեթև տեսակի վառելիք՝ բենզին։ Այս անհավասարակշռությունը հնարավորություն է տալիս Հնդկաստանին զբաղեցնել իր տեղը էներգակիրների վերամշակման ոլորտում՝ վաճառելով պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթից ստացված դիզվառելիքը որպես սեփական արտադրանք աշխարհի այն հատվածներում, որտեղ կա դրա պահանջարկը:

Transatlantic Leadership Network-ի էներգետիկ ոլորտի փորձագետ Դեբրա Քագանը հիշեցնում է, որ Հնդկաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից շատ ավելի փոքր է, քան այնպիսի երկրների, ինչպիսիք են Հունգարիան, Բելառուսը կամ Բուլղարիան: Դա կապված է նաև ոչ պակաս կարևոր, ատոմային էներգիայի ոլորտում Ռուսաստանից քիչ կախված լինելուց: «Հնդկաստանն իր ուրանը ներկրում է տարբեր երկրներից: Իսկ վերջերս ավելի շատ Ղազախստանից, որն այժմ դառնում է հազվագյուտ օգտակար հանածոների կարևոր շուկա՝ պուտինյան ռեժիմի դեմ պատժամիջոցների պատճառով»։

Հնդկաստանը ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի երկարամյա և ավանդական առևտրային գործընկերն էր Ասիայում: Հետաքրքիրն այն է, որ ի տարբերություն Չինաստանի, այն մինչև վերջերս շարունակում էր ակտիվորեն գնել ռուսական զենքեր, ներառյալ տանկեր, հրաձգային զինատեսակներ, ինքնաթիռներ, Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր և նույնիսկ ավիակիր հածանավ, որը, ի դեպ, սկզբում կոչվում էր «Խարկով», հետո՝ «Բաքու», «Ծովակալ Գորշկով», իսկ Հնդկաստանին այն վաճառելուց հետո՝ «Վիկրամադիտյա»։

Հետաքրքիր է, որ «երկու կողմերն էլ օգտագործել են քաղաքական և հատկապես ռազմական կապերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ապահովագրվելու համար, թեև շատ տարբեր ձևերով և տարբեր աստիճաններով», - ասում է Ատլանտյան խորհրդի Հարավային Ասիայի կենտրոնի տնօրեն Իրֆան Նուրուդինը:

Արդյունքում, վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի և Հնդկաստանի միջև բարդացել են Պեկինի հետ Մոսկվայի ավելի սերտ կապերի, Հնդկաստանի սահմանների նկատմամբ Չինաստանի ոտնձգության և ԱՄՆ-ի հետ Դելիի աճող գործընկերության պատճառով:

Բացի այդ, «Հնդկաստանը բախվում է արևմտյան երկրների կողմից աճող ճնշմանը՝ սահմանափակելու ռուսական նավթի ներկրման ծավալներն ու գինը», - նշում են Ատլանտյան խորհրդի փորձագետները: «ՆԱՏՕ-ի երկրները խորը տնտեսական և սոցիալական կապեր ունեն Հնդկաստանի հետ, էլ չեմ խոսում քաղաքական և ռազմական հարաբերությունների աճի մասին: Միայն ԵՄ-ն և ԱՄՆ-ի առևտրի ծավալները Հնդկաստանի հետ 2021 թվականին հասել են ավելի քան 310 միլիարդ ԱՄՆ դոլարի»,- ասում է Իրֆան Նուրուդինը: - Հնդկական հսկայական սփյուռքը՝ բաղկացած ավելի քան 2,5 միլիոն հնդիկ ամերիկացիներից և մինչև 1,5 միլիոն նոր ժամանած հնդիկ քաղաքացիներից, ապրում է ԱՄՆ-ում, ինչը այս համայնքին տալիս է զգալի ներքին քաղաքական կշիռ Միացյալ Նահանգներում: Հնդկական ծագմամբ մոտ 1,7 միլիոն մարդ նույնպես ապրում է Մեծ Բրիտանիայում և Կանադայում», - ասում է Իրֆան Նուրուդինը:

Ստոկհոլմի ազատ համաշխարհային ֆորումի ավագ գիտաշխատող Անդերս Օսլունդը հաստատում է. «Հնդկաստանն ավանդաբար ավելի շատ եւ ավելի բարձր կատեգորիայի զենքեր է ստացել, քան Չինաստանը: Իսկ Հնդկաստանը, մի կողմից, շարունակում է մնալ ռուսական զենքի երկու խոշորագույն գնորդներից մեկը»։ Ըստ նրա՝ եթե նայենք ընդհանուր տնտեսական պատկերին, ապա Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը կազմում է Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրի 2%-ը: Այն լավ հարաբերություններ ունի Միացյալ Նահանգների հետ, ուստի Չինաստանը շատ ավելի վախենում է ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից, քան Հնդկաստանը:

Ուկրաինայի պատերազմի ընթացքը, որն անսպասելիորեն բարդացել է Ռուսաստանի համար, կարող է, ըստ Անդերս Օսլունդի, փոխել զենքի համաշխարհային շուկան: Բացի այդ, Ռուսաստանը դժվար թե կարողանա մոտ ապագայում ինչ-որ առաջադեմ զինատեսակ դուրս բերել շուկա՝ հաշվի առնելով արեւմտյան պատժամիջոցները։ Կարծում եմ՝ այս խնդիրն ինքնին լուծվել է»։

«Չինաստանը մեծ վտանգ է ներկայացնում Հնդկաստանի համար»,- ասում է Օսլունդը։ - Պակիստանը նույնպես։ Ռուսաստանը նրանց հարցում օգնական չէ։ Իսկ ԱՄՆ-ը շատ ավելի կարևոր է Հնդկաստանի համար, ուստի ԱՄՆ-ի ազդեցությունը Հնդկաստանի հանդեպ մեծանում է»։

Հոդվածը պատրաստվել է Եվգենի Կոմարովի նյութի հիման վրա

XS
SM
MD
LG