ԱՄՆ-ի նման որոշումը կարող է հանգեցնել պատժամիջոցների ռեժիմի լուրջ խստացման, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, խելամիտ չէ։
Ջո Բայդենի վարչակազմի վրա աճում է ճնշումը՝ Ռուսաստանը ահաբեկչություն հովանավորող պետություն ճանաչելու համար:
Ըստ Politico-ի, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այս շաբաթ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ասել է, որ եթե ինքը չօգտագործի Կոնգրեսի կողմից իրեն տրված լիազորություններն այս ուղղութթյամբ, ապա դա կանեն օրենսդիրները:
Ռուսաստանն արդեն գտնվում է ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների ծանր պատժամիջոցների ներքո, սակայն ահաբեկչություն հովանավորող պետության կարգավիճակը որոշ առումներով կմեծացնի խաղադրույքները և էլ ավելի ծանր կացության մեջ կդնի Մոսկվային:
Թեև ներկայիս պատժամիջոցները միջազգային ասպարեզում մանրակրկիտ համաձայնեցված են, Ռուսաստանի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության ճանաչումը կարող է առաջացնել պատժամիջոցների ավելի խիստ ռեժիմ, որը կհարվածի նաև երրորդ երկրներին՝ ռուսաստանցի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ բիզնես վարելու համար:
Բացի այդ, նման ոոշումը թույլ կտա ուկրաինական պատերազմից տուժած ամերիկացիներին քաղաքացիական հայցեր ներկայացնել Ռուսաստանի իշխանությունների դեմ ԱՄՆ դատարաններում:
Խոսնակ Փելոսին առաջինը չէ, ով կոչ է անում վարչակազմին նման քայլի դիմել։ Այս ամսվա սկզբին հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը և նրա գործընկեր դեմոկրատ Ռիչարդ Բլումենտալը մեկնեցին Կիև՝ քննարկելու մայիսին իրենց ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում էր ահաբեկչությունը հովանավորող պետության կարգավիճակին:
Սակայն Բայդենի վարչակազմը կարծես թե չի ցանկանում գնալ այս քայլին։ Պետքարտուղարության խոսնակն ավելի վաղ հայտարարել էր, որ ներկայիս պատժամիջոցների ռեժիմը բավարար է վարչակազմի նպատակներին հասնելու համար:
Բացի այդ, ահաբեկչության պետական հովանավոր լինելը կհանգեցնի երկրորդական պատժամիջոցների, որոնք ԱՄՆ-ը պետք է կիրառի այն անձանց և երկրների դեմ, որոնք բիզնես գործունեություն են ծավալում Ռուսաստանի հետ:
Այս կարգավիճակը կարող է բարդացնել Ռուսաստանի վրա ճնշում գործադրող երկրների լայն կոալիցիա ստեղծելու գործընթացը։
Վանդերբիլտի իրավունքի դպրոցի փորձագետ Ինգրիդ Բրանկ Վուրթը համաձայն է, որ պատժամիջոցները, որոնք կկիրառվեն Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն ճանաչոումից հետո, կարող են ավելի ծանր լինել, քան անհրաժեշտ է Կրեմլին պատժելու համար:
«Ռուսաստանն արդեն գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների հսկայական ճնշման տակ», - ասաց նա:
Բացի այդ, Վուրթն ասում է, որ իրեն հատկապես անհանգստացնում են Ռուսաստանի դեմ քաղաքացիական հայցեր ներկայացնելու հետևանքները:
Տեսականորեն, ԱՄՆ հայցվորները կկարողանան դատի տալ Ռուսաստանին վնասի փոխհատուցման համար, որը կարող է վճարվել ամերիկյան ֆինանսական հաստատություններում ներկայումս սառեցված ռուսական ակտիվներից:
«Եթե մենք այս գումարը տանք ամերիկացի հայցվորներին, մենք չենք կարողանա այն օգտագործել որպես սակարկության առարկա Ռուսաստանի հետ բանակցություններում», - ասել է Վուրթը:
Հոդվածը պատրաստվել է Ռոբ Գարվերի նյութի հիման վրա