Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան ասում է, թե իրենց իննամյա որդին ուզում է դառնալ զինվոր, հայրենիքը պաշտպանելու համար, Ռուսաստանի արտգործնախարարը` հայտարարում, թե Մոսկվան նպատակ ունի վերցնել հավելյան տարածքներ Ուկրաինայից:
Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկան չորեքշաբթի օրը բուռն ծափահարությունների արժանացավ ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների անդամների կողմից։ Նա ասաց, որ թեև նախագահների կանայք սովորաբար կենտրոնանում են խաղաղ գործերի վրա, բայց ինքն այսօր ունի այլ առաջնահերթություն: «Ես հիմա խնդրում եմ մի բան, որը երբեք չէի ցանկանա խնդրել: Ես զենք եմ խնդրում: Զենքեր, որոնք կօգտագործվեն ոչ թե ուրիշի հողի վրա պատերազմելու համար, այլ պաշտպանելու սեփական տունը և այդ տանը կենդանի արթնանալու իրավունքը», ասաց նա, ավելացնելով. ‘’Իննամյա տղաս ուզում է զինվոր դառնալ հայրենիքը պաշտպանելու’’:
Այն պահին, երբ Զելենսկան տեսանյութեր էր ցուցադրում պատերազմում մարդկային զոհերի մասին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայից հայտարարում էր, որ Ռուսաստանի ռազմական նպատակները կենտրոնացած չեն միայն արևելքի վրա: Նրա խոսքերով, ուկրաինացիները պատրաստ չեն բանակցությունների:
«Նրանք պարզապես երբեք չեն կարողանա արտաբերել որևէ միտք, որը կարժանանար լուրջ մարդկանց լուրջ ուշադրությանը», ասել է Սերգեյ Լավրովը:
Պատասխանելով Ռուսաստանի ռազմական ծախսերի մասին հարցին՝ ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար Մարկ Միլին ասել է. «Ծախսերը մեծ են, հաջողությունը` փոքր, եւ Լուգանսկ-Դոնբաս շրջանում ընթանում է քայքայիչ պատերազմ: Իսկ թե արդյո՞ք Դոնբասը պարտված է, թե ոչ, ես կասեի ոչ’’, հայտարարել է նա:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ներխուժումից հինգ ամիս անց ուկրաինական բանակը դեռ կռվում է, Կիևը` դեռ կանգնած։
Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցներն այս պահին քննարկում են Ուկրաինային կործանիչներ տրամադրելու հարցը, ինչը կտրուկ կբարձրացնի Կիև ուղարկվող սպառազինության մակարդակը:
Ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունն ասել է, որ ռազմաօդանավերն Ուկրաինա կտեղափոխվեն ԱՄՆ-ից կամ ՆԱՏՕ-ում նրա դաշնակից երկրներից: