Մատչելի հղումներ

 
Ուկրաինացիները վերակառուցում են գետնին հավասարված գյուղերը

Ուկրաինացիները վերակառուցում են գետնին հավասարված գյուղերը


ukraininan village
ukraininan village

Ուկրաինական զորքերը ռուսական ուժերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Կիեւ կանգնեցրին Մոշչուն գյուղի մոտ տված մարտերի արդյունքում: Մոտ մեկ շաբաթ Մոշչունն ընկավ ռուսական օկուպացիայի տակ։ Հեռանալուց առաջ ռուսական ուժերն այրեցին գյուղը։

Ռուսների ժամանումից ընդամենը օրեր առաջ տարհանված բնակիչների մեծ մասը ողջ է մնացել։ Ու երբ նրանք վերադարձան, ամեն ինչ հայտնաբերեցին մոխիրների մեջ: Այժմ տեղի ակտիվիստներն ու գործարարները բարեգործական ծրագիր են կազմել գյուղը վերականգնելու համար:

Աննա Կոլոսովսկայի ընտանիքը, ինչպես և հարյուրավոր մարդիկ այստեղ՝ Մոշչունում, կորցրել է ամեն ինչ։ Սակայն չնայած անցած ամբողջ սարսափին, նրանք վճռական են` բնակավայրը վերակառուցելու հարցում:

Գյուղի բնակիչներից Լյուբով Տոպոլը, կորցրել է ոչ միայն տունը, այլեւ` միակ որդուն, որը Մոշչունի պաշտպանության ուժերի ղեկավարներից էր: Լյուբովի խոսքերով, ինքն այլեւս ինքը չէ: ‘’Որդիս շարունակ է իմ աչքերի առջեւ’’, ասում է նա, ‘’ինչպես կարող եմ լինել նույնը:

Լյուբովն առաջինն է գյուղում, որը ստացել է ժամանակավոր մոդուլային տուն «Ուկրաինա երազանք» բարեգործական նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնության հիմնադիրներից Վիտալի Կաշչենկոն ասում է, որ Մոշչունի բոլոր ընտանիքներին, ովքեր կորցրել են իրենց տները, մինչև սեպտեմբերի կեսերը ժամանակավոր տներով իրենք կապահովեն: Մինչեւ հաջորդ տարվա վերջ նա նախատեսում է նոր երազանքների գյուղ ստեղծել։

«Ուզում ենք ավելի քան 300 տուն կառուցել, քանի որ մարդիկ կորցրել են ամեն ինչ: Առաջին փուլում պետք է մարդկանց ձմռան համար տեղ տրամադրել։ Ավելի ուշ նրանց պետք է արժանապատիվ ապրելու տեղ տանք ու նոր գյուղ կառուցենք։ Մեր նպատակն է վերակառուցել Մոշչունը, իսկ հետո՝ ամբողջ Ուկրաինան», ասում է նա։

Վերակառուցման այս ծրագրի կազմակերպիչը Rotary Club Kyiv International կազմակերպությունն է, որի գլխավոր գործառույթներից մեկը միջազգային հանրությանը այս գործում ընդգրկելն է:

Կազմակերպությունից Սերհի Զավադսկին ասում է, որ ամբողջ աշխարհից իրենք արդեն իսկ հավաքել են ավելի քան 15 միլիոն դոլար: ‘’Հույս ունենք, որ վերակառուցվելուց հետո այն կկոչվի Ռոտարի գյուղ», ասում է նա։

Մոշչունցիներն, այո, ցուցաբերում են նախանձելի ու օրինակելի տոկունություն:

Ռուսական բանակը քանդեց նրանց տները, բայց չկարողացավ ոչնչացնել նրանց քաջությունը, միասնությունը եւ սերը հայրենիքի ու իրենց այս փոքրիկ գյուղի հանդեպ:

''Ամերիկայի Ձայն''-ի Ուկրաինական ծառայություն

XS
SM
MD
LG