Մատչելի հղումներ

Այաթոլլահ Խամենեին «ողջունել է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին», սակայն զգուշացրել` Իրանը դեմ է ՀՀ-ի հետ իր սահմանի փակման քաղաքականությանը


Թեհրանի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցանկանում է հաղթահարել Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության հարցի շուրջ Իրանի և Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները։ Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպմանը անդրադարձ եղավ նաև Հայաստանին: Հանդիպումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Էրդողանը փորձում է կարգավորել ուկրաինական հացահատիկի շուրջ ստեղծված կացությունը

Սիրիայում քուրդ զինյալների դեմ թուրքական ռազմական գործողությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Թեհրան այցի օրակարգի հիմնական խնդրներից է: Թուրքիան զինուժ է կուտակել՝ YPG խմբավորման սիրիացի քուրդ զինյալներին հարվածելու համար, որոնք, ըստ Անկարայի, կապված են Թուրքիայի դեմ կռվող քուրդ ապստամբների հետ։

Սկայպ «Իրանը բավականին անկեղծ դեմ է արտահայտվել Թուրքիայի՝ սիրիական մոտալուտ ռազմական արշավի վերաբերյալ: Հավանաբար, Էրդողանը եկել է այս հարցը այստեղ կարգավորելու նպատակով»,- ասում է Global Source Partners-ի վերլուծաբան Աթիլլա Եսիլադան։

Թուրքական ուժերն արդեն վերահսկում են Սիրիայում սահմանամերձ բավականին մեծ տարածք: Թեհրանը զգուշանում է Անկարայի ազդեցության ընդլայնումից Սիրիայում, որին համարում է մերձավոր դաշնակից: Իրանական դիմադրությունը հաղթահարելու Էրդողանի ջանքերը էլ ավելի են դժվարանում՝ հաշվի առնելով Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ Անկարայի մերձեցման ջանքերը, որոնք երկուսն էլ Իրանի հակառակորդներն են:

Իրանն ու Թուրքիան տարածաշրջանային մրցակցության երկար պատմություն ունեն, սակայն վերլուծաբանները գտնում են, որ Էրդողանի այցը Թեհրան նախանշան է, որ համաձայնությունը կողմերի միջև հնարավոր է: Նախկին դիվանագետ Այդին Սելչենի կարծիքով Էրդողանիին չեն հրավիրել Թեհրան, որպեսզի կշտամբեն նրան Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի համար:

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդ, Այաթոլլահ Ալի Խամենեի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական պատերազմին ու հետագա զարգացումներին: Ըստ լրատվամիջոցի՝ «Գերագույն առաջնորդը ողջունել է Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանին, սակայն զգուշացրել, որ «եթե Հայաստանի հետ Իրանի սահմանները փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը տարանցիկ կապ է արդեն մի քանի հազար տարի»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ը իրենց աջակցություն են հայտննել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությանը: Հուլիսի սկզբին Իրանի մայրաքաղաք ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսին Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդոլահիանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը ԼՂ հարցում երկխոսության միջոցով մնացած հարցերի խաղաղ կարգավորմանը միջազգային իրավունքի ճանաչված սկզբունքների հիման վրա, ներառյալ երկրների ազգային ինքնիշխանության հարգման և նրանց տարածքային ամբողջականության պաշտպանության: Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել այս հարցում, մասնավորապես՝ հումանիտար խնդիրների լուծման նպատակով։

Իրանական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի գերագույն առաջնորդն Էրդողանի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև Սիրիայում Թուրքիայի ծրագրած ռազմական գործողություններին՝ շեշտելով, որ Սիրիայի ուղղությամբ ռազմական հարվածը կապակայունացնի տարածաշրջանը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Իրանի ու Թուրքիայի նախագահների համատեղ մամլո ասուլիսին այս խնդրին անդրադարձել է նաև Իրանի նախագահ Ռայիսին, ով ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը նաև կարիք ունի Պուտինի համաձայնության Սիրիայի հարցում, քանի որ ռուսական ուժերը վերահսկում են Սիրիայի օդային տարածքը։ Թեհրանի եռակողմ գագաթնաժողովին կմասնակցի ՌԴ նախագահ Պուտինը, ով երեքշաբթի օրը ժամանել է Իրան: Այստեղ նախատեսված է նաև Էրդողանի ու Պուտինի առանձին հանդիպումը, ուր կքննարկվի նաև ուկրաինական հացահատիկի հետ կապված ճգնաժամը:

Վերջերս Թուրքիան քառակողմ հանդիպում կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ, որտեղ, ըստ կողմերի, առաջընթաց էր գրանցել հացահատիկի արտահանման հարցում: Վերլուծաբանները Պուտինի հետ Էրդողանի հանդիպումը համարում են առանցքային՝ այս ճգնաժամը դիվանագիտորեն կարգավորելու համար: Վերլուծաբան Մայքլ Ռուբինի կարծիքով էլ անկախ դիվանագետների հնչեցրած հայտարարություններից կուլիսների հետևում հիմնական քննարկվող հարցը լինելու է պատժամիջոցների խնդիրը և ինչպիսի դեր կարող է ունենալ Անկարան դրանք շրջանցելու հարցում:

«Պետք է հասկանալ այն երկարաժամկետ կապը և փոխըմբռնումը, որն ունեն Էրդողանը և Պուտինը: Նրանք գաղափարապես նման գործիչներ են և, իհարկե, հասկանում են միմյանց կարմիր գծերը: Նրանք շատ զգուշավոր են միմյանց կարմիր գծերը չանցնելու հարցում՝ չնայած անցյալում ունեցած հակադրությունների»,- ասում է Մայքլ Ռուբինը:

Էրդողանը քննադատության է ենթարկվում իր արևմտյան դաշնակիցների կողմից Իրանի և Ռուսաստանի ղեկավարների հետ սերտ կապ ունենալու համար: Սակայն վերլուծաբանները գտնում են, որ Թուրքիայի նախագահը հավանաբար կապավինի Թեհրանին՝ քննադատներին հիշեցնելու համար, թե որքան կարևոր են այդ կապերը:

Հոդվածը պատրաստվել է Ստամբուլում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Դորիան Ջոնսի, Reuters, Agency France Press գործակալությունների նյութերի հիման վրա

XS
SM
MD
LG