Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի ապրիլի 19-ին Նովո-Օգարյովոյի իր նստավայրում հանդիպել է երկօրյա այցով Ռուսաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Ռոյթերս գործակալությունը՝ շեշտելով, որ այցն ընթանում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի պայմաններում, որը Մոսկվան անվանում է «հատուկ ռազմական գործողություն»։
Ակնկալվում է, որ բանակցությունները հիմնականում կկենտրոնանան անվտանգության հարցերի վրա, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, հանդիպումից առաջ ասել է Պուտինը։
Իր հերթին ՀՀ վարչապետ Փաշինյանը ասել է. «Իհարկե, գլխավոր քաղաքական հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն է, հույս ունեմ, որ այսօր այդ մասին նույնպես կխոսենք»: ՀՀ վարչապետը ընդգծել է, որ իր այցն ունի «շատ հագեցած օրակարգ, որի մեծ մասը կապված է այս բանակցությունների հետ»:
Հանդիպման ավարտին կողմերը ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ ամփոփել են հայ-ռուսական գագաթնաժողովի ողջ օրակարգը:
Ըստ հայտարարության՝ ՀՀ վարչապետը և Ռուսաստանի նախագահը այսօր կայացած հանդիպման ժամանակ «պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով»:
Պուտինն ու Փաշինյանը անդրադարձել են նաև «ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրմանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում»՝ շեշտելով հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքա-դիվանագիտական միջոցներով «Լեռնային Ղարաբաղյան կարգավորման» կարևրությունը:
«Այդ համատեքստում նրանք հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան», - ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կողմերը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը և անդրադարձել տարածաշրջանային «3+3» ձևաչափին՝ ընդգծելով դրա հաջող մեկնարկը:
Բացի այդ, Փաշինյանն ու պուտինը կարևորել են նաև Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ակտիվացման կարևորությունը: Հայտարարության մեջ ասվում է, որ ռուսաստանյան կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների, այդ թվում «Սյունիքի և այլ մարզերում երկաթուղու վերականգնման նախագծերում»:
Փաստաթղթում նշվում է նաև, որ Պուտինն ընդունել է Փաշինյանի հրավերը այս տարվա երկրորդ կեսին Հայաստան այցելելու վերաբերյալ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի շրջանակում։
Հայտարարության ամբողջական տեքստը այստեղ:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության և Ազատություն ռադիոկայանի նյութերի հիման վրա