Ամերիկյան PONARS Eurasia ծրագիրը կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վրա Ուկրաինայի պատերազմի ազդեցության մասին մի շարք փորձագետների մասնակցությամբ:
Պատերազմը Ուկրաինայում, որի արդյունքն անկախատեսելի է, տնտեսապես և քաղաքականապես ազդում է ողջ հետխորհրդային տարածքի վրա, համակարծիք են մի շարք վերլուծաբաններ PONARS Eurasia ծրագրի շրջանակում կազմակերպված քննարկմանը՝ նվիրված հարավկովկասյան և միջինասիական տարածածշրջանների վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը:
«Իհարկե, կարող են լինել տարբեր սցենարներ, և մենք չգիտենք, թե ինչ արդյունք կունենա այս պատերազմը, բայց մեկ բան ակնհայտ է, որ այն ազդելու է այս տարածաշրջանի ապագայի վրա: Մենք չենք ունենա տարածաշրջանի մասին նույն պատկերացումներն, ինչպիսին ունեինք նախկինում»,- ասում է վրացի վերլուծաբան Քորնելի Կակաչիան:
Հարավկովկասյան բոլոր երեք երկրները, հատկապես Հայաստանը, մեծ զգուշավորությամբ են մոտենում Ռուսաստանին և նրա շուրջ ընթացող զարգացումներին, պնդում է վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանը՝ ընդգծելով՝ Հայաստանն այսօր ձգտում է խուսափել Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակամարտության գոտի դառնալուց:
Նրա խոսքով՝ Հայաստանի դեպքում քաղաքական ազդեցության առումով առաջնային է ԼՂ հակամարտությունը, որտեղ ուկրաինական պատերազմի բռնկումից ի վեր աճել է իրավիճակի ապակայունացման ռիսկը: Դրա վառ վկայություն է վերջին ընդհարումները և ԼՂ-ի գազամատակարարման խափանման հետևանքով հնարավոր մարդասիրական ճգնաժամը: Երկու ճակատով ռազմական գործողություններ վարելու և այս փուլում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման Մոսկվայի անկարողությունը խոցելի է դարձնում ԼՂ բնակչությանը, նշում է նա:
«Այժմ, երբ Ռուսաստանը կենտրոնացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի վրա, Ադրբեջանը ձգտում է բացահայտել խաղաղապահների կարմիր գծերն ու նոր տարբերակները՝ այս իրավիճակում ճնշում գործադրելու համար»,- ասում է Իսկանդարյանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի վրա տնտեսական ազդեցության դրսևորումներից է ռուսաստանցի ներգաղթյալների ներհոսքը, Մոսկվայի կողմից ցորենի արտահանման արգելքները, հայկական գյուղատնտեսական ապրանքների արտահանման եկամտի անկումը ռուսական ռուբլու արժեզրկումից հետո և այլ գործոններ:
Իր հերթին ադրբեջանցի վերլուծաբան Անար Վելիևի կարծիքով ուկրաինական վերջին զարգացումներն ու բռնկված պատերազմը անսպասելի էր ադրբեջանական վերնախավի ու հանրության համար: Ըստ նրա՝ Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչումը ստիպեց ադրբեջանական հանրությանը զբաղեցնել ուկրաինամետ դիրքորոշում: Նրա կարծիքով՝ ուկրաինական զարգացումները մեծ անհանգստություն են առաջացրել ոչ միայն Ադրբեջանում, այլև հետխորհդային այլ երկրներում, քանի որ չկա վստահություն, որ հետխորհրդային որևէ այլ երկիր չի արժանանա Ուկրաինայի ճակատագրին:
«Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը, իսկ մինչ այդ Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանաչումներն ուղղակի սպառնալիք էին երկու բարեկամ պետությունների՝ Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, և Ադրբեջանի հանրության մտավախությունն այն է, որ վաղ թե ուշ նման ճակատագրի կարժանանա Ղարաբաղը, և որ Ռուսաստանը վաղ թե ուշ կճանաչի այն, ինչպես ճանաչեց այս տարածքները»,- ասում է Վելիևը:
Կարճաժամկետում Ադրբեջանը տնտեսական մեծ վնասներ չի կրել պատերազմի հետևանքով, պնդում է Վելիևը: Ռուսաստանցի ներգաղյալների ներհոսքն այստեղ զգալիորեն ավելի փոքր է ներգաղթի ոլորտում Ադրբեջանի համեմատաբար ավելի խիստ օրենսդրության ու ավելի թանկ շուկայի պատճառով: Դրա հետ մեկտեղ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի, երկարաժամկետում հնարավոր տնտեսական վնասներից են Ռուսաստանում ու Ուկրաինայում բնակվող միլիոնավոր ադրբեջանցիների դրամական փոխանցումների նվազումը և ներկրվող ապրաքների գնաճը:
Վրացի վերլուծաբան Քորնելի Կակաչիայի կարծիքով էլ այսօր Վրաստանի բկակչության շուրջ 75 տոկոսը աջակցում է Ուկրաինային ՌԴ-ի դեմ պատերազմում, սակայն Թբիլիսիի վարած արտաքին քաղաքականությունը և ռուս-ուկրաինական պատերազմի նկատմամբ նրա որդեգրած մոտեցումները բազմաթիվ հարցեր են առաջացնում ոչ միայն Վրաստանի արևմտյան գործընկերների, այլ նաև Վրաստանի բնակչության շրջանում: Վրաստանը ձգտում է պահպանել իր կապերը արևմտյան երկրների հետ՝ փորձելով, սակայն, խուսափել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումից՝ այս քաղաքականությունը որակելով «իրատեսական», պնդում է վերլուծաբանը: Նա նաև ընդգծում է, որ այս քաղաքականությունը, ինչպես նաև վրացի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, զգալի չափով վնասել են վրաց-ուկրաինական հարաբերություններին: