Սպիտակ տունը միջոցներ կտրամադրի պատվաստումների և դիմակների համար, իսկ նոր խթանիչները պատրաստ կլինեն աշնանը
Երեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտնեց, որ կապահովի ամերիկացիներին COVID-19 պատվաստանյութերով, բուժմամբ և թեստավորմամբ որպեսզի կանգնեցվի արագ տարածվող BA.5 omicron շտամը, որը ներկայումս կազմում է ԱՄՆ-ում գրանցված հիվանդության դեպքերի մեծ մասը:
Առողջապահության բարձրաստիճան պաշտոնյաների հետ ճեպազրույցից առաջ Սպիտակ տունը, ներկայացնելով վարչակազմի ռազմավարությունը՝ BA.5-ի դեմ պայքարում, նշել է, որ կարծիքներ են հնչում, որ այս նոր շտամը կարողանում է խուսափել արհեստական կամ բնական հակամարմիններից:
Պաշտոնյաներն առաջնահերթություն են տալիս ամերիկացիների պատվաստմանը, տնային թեստերի զարգացմանը, բարձրորակ դիմակների հասանելիությանը և իմունային անբավարարվածություն ունեցողներին աջակցություն ցուցաբերելուն:
«Այս միջոցները, նույնիսկ BA.5-ի առկայության դեպքում, օգնում են կանխել լուրջ հիվանդությունները, մարդկանց հեռու են պահում հիվանդանոցներից և փրկում նրանց կյանքը: Դրանց միջոցով մենք կարող ենք կանխել COVID-19-ից գրեթե բոլոր մահերը», - ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
BA.5 և BA.4 շտամներն այժմ կազմում են COVID-19-ի դեպքերի 80%-ը ողջ երկրով մեկ, ընդ որում BA.5-ը կազմում է դեպքերի մեծամասնությունը, նշել է Սպիտակ տունը:
Վարչակազմի կարծիքով BA.5-ի տարածումը նշանակում է, որ նոր դեպքերը, հավանաբար, կաճեն առաջիկա շաբաթների ընթացքում:
«Դեպքերի աճի հավանականությունն ամենաբարձրն է այնտեղ, որտեղ ավելի քիչ մարդ է պատվաստվում և որտեղ կա արհեստական իմունիտետի նվազում», - ասված է հայտարարության մեջ:
Սննդամթերքի և դեղորայքի վերահսկման գերատեսչությունը խորհուրդ է տվել COVID-19 պատվաստանյութ արտադրողներին փոփոխություններ մցնել աշնանային պատվաստանյութերում՝ BA.4 և BA.5 շտամների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:
Հոդվածը պատրաստվել է «Reuters» գործակալության նյութի հիման վրա