ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ գլոբալ առումով նոր հատկացումներ կատարելու համար, որպեսզի COVID-19 հիվանդության դեմ պայքարը հասնի իր վերջնական նպատակին:
Սպիտակ տունը մարտի սկզբին էր Կոնգրեսից հավելյալ ֆինանսավորում խնդրել՝ այդ թվում համաշխարհային նախաձեռնությունների համար հինգ միլիարդ դոլարի հատկացումները: Նախագահ Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է հասանելի դարձնել առողջապահական տեխնոլոգիաները, այդ թվում պատվաստանյութերում անհրաժեշտ բաղադրանյութերը:
Բայդենը Կոնգրեսին վաղուց էր խնդրել COVID-ի դեմ հատկացվելիք գումարն ընդգրկել Ուկրաինային հատկացվելիք 33 միլիարդ դոլարի փաթեթի մեջ: Սակայն ավելի ուշ համաձայվել էր տարանջատել այդ երկուսը:
2019 թվականի դեկտեմբերին համաճարակի սկսվելուց ի վեր ԱՄՆ-ն արդեն տրամադրել է ավելի քան 14 միլիարդ դոլարի ֆինանսավորում քովիդի դեմ համաշխարհային նախաձեռնությունների համար: Մտահոգություններ կան, որ ԱՄՆ-ն արդեն չափազանց շատ է ծախսել:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Թիմ Քեյնը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, թե անհանգստանում է, որ օրինագիծը բավարար ֆինանսավորում չի ապահովի պատվաստանյութերի դիվանագիտության համար:
Ինչեւէ, COVID օրինագծի վրա Միացյալ Նահանգների օրենսդիրները պատրաստվում են աշխատել առաջիկա շաբաթվա ընթացքում:
Քեթրին Գիբսոն