Երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ակնկալում է, որ Ռուսաստանը կկիրառի նույն մարտավարությունը, որը կիրառեց՝ գրավելու գրեթե ողջ արևելյան Ուկրաինայի Լուհանսկ նահանգը, քանի որ Մոսկվան փորձում է վերահսկել Դոնեցկի նահանգը և հասնել Դոնբասի ողջ շրջանը տիրելու իր հայտարարած նպատակին:
«Դոնբասի համար մարտը բնութագրվում է որպես դանդաղ առաջխաղացման մարտավարություն, որի ընթացքում Ռուսաստանի կողմից իրականացվել է հրետանու զանգվածային կիրառում: Արդյունքում հողին են հավասարվել մեծաթիվ քաղաքներ ու այլ բնակավայրեր», - ասված է նախարարության հայտարարության մեջ: «Դոնեցկի մարզում մարտերn անկասկած կշարունակվեն այս կերպ», ասված է նույն հայտարարության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը հաղթանակ է հայտարարել Լուհանսկ նահանգում, երբ ուկրաինական զորքերը նահանջել են Լիսիչանսկ քաղաքում գտնվող իրենց վերջին հենակետից։
Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական ուժերն այժմ փորձում են առաջխաղացում կատարել Դոնեցկի շրջանի Սիվերսկի, Ֆեդորիվկայի և Բախմուտի ուղղությամբ, որոնց մոտ կեսը վերահսկվում է Ռուսաստանի կողմից:
Պուտինն ասել է, որ այն զորամասերը, որոնք «մասնակցել են ակտիվ մարտական գործողություններին և հասել են հաջողության, «պետք է հանգստանան, բարձրացնեն իրենց մարտունակությունը»։
Ուկրաինայի Լուհանսկի նահանգապետ Սերխի Հայդայը երկուշաբթի օրն Associated Press-ին ասել է, որ ուկրաինական ուժերը նահանջել են Լիսիչանսկից՝ շրջապատումից խուսափելու համար: «Լիսիչանսկում շրջափակման մեջ հայտնվելու վտանգ կար»,- ասել է Հայդայը՝ բացատրելով, որ ուկրաինական զորքերը կարող էին դեռ որոշ ժամանակ մնալ, սակայն կտային չափազանց մեծ թվով զոհեր:
Հայդայը Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ Լիսիչանսկը կորցնելու մեջ ոչ մի կարևոր բան չկա, և որ Ուկրաինային հարկավոր է հաղթել պատերազմում, այլ ոչ թե մեկ քաղաքի համար մղվող ճակատամարտում: «Ցավալի է իհարկե, սակայն այն պատերազմում պարտություն չէ», - ասել է նա երկուշաբթի օրը:
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերը, բացի Սիվերսկի, Ֆեդորիվկայի և Բախմուտի ուղղությամբ առաջխաղացումից, հրետակոծում են նաև ուկրաինական առանցքային հենակետերը Դոնեցկում` Սլովյանսկը և Կրամատորսկը:
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ կիրակի օրը Սլովյանսկում ռուսական հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 9-ամյա աղջիկ: Եվս 19 մարդ վիրավորվել է։ Կրամատորսկը նույնպես գնդակոծվել է կիրակի օրը։
Ռազմական վերլուծաբանները նշում են, որ ռուսական բանակն ունի կրակային հզորության հսկայական առավելություն, բայց զորքերի թվակազմով` ոչ մի էական գերազանցություն: Ուկրաինան հույս ունի հակազդել Դոնբասում ռուսական գրոհին արևմտյան երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից զինամթերքի շարունակական մատակարարմամբ:
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկուշաբթի օրը գիշերային իր տեսաուղերձում ասել է, որ իր երկրին անհրաժեշտ է տնտեսական օգնություն՝ վերակառուցումը սկսելու համար, չնայած այն հանգամանքին, որ մարտերը շարունակվում են։
«Ուկրաինայի վերականգնումը միայն ապագայի հարց չէ: Այն նաեւ ներկայի խնդիր է ու պարտավորություն, ինչը պետք է անենք մեր գործընկերների, ամբողջ ժողովրդավարական աշխարհի հետ», - ասել է նա:
Ավելի վաղ, երկուշաբթի օրը Զելենսկին շվեյցարական Լուգանոյում կայացած վեհաժողովի ժամանակ իր առցանց ելույթում խոսել էր վերակառուցման համար անհրաժեշտ պայմանների մասին: «Ուկրաինայի վերակառուցումը մեկ պետության տեղական խնդիր չէ: Այն ամբողջ ժողովրդավարական աշխարհի ընդհանուր խնդիրն է», ասել էր նա։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը երկուշաբթի օրը մեկնարկած երկօրյա համաժողովի ժամանակ ասել է, որ Ուկրաինայի վերականգնումը «արդեն գնահատվում է 750 միլիարդ դոլար»:
Համաժողովին մասնակցում են տասնյակ երկրների առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ և մասնավոր հատվածը:
Նաև երկուշաբթի օրը Զելենսկին հանդիպել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որը մեկնել էր Կիև՝ Ուկրաինային աջակցություն ցույց տալու համար։
Բախը խոստացել է, որ ուկրաինական դրոշը «բարձր կծածանվի» 2024 թվականին Փարիզում կայանալիք խաղերում և ասել, որ ՄՕԿ-ը եռապատկելու է ուկրաինացի մարզիկների ֆինանսավորումը:
Զելենսկին ասել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է ուկրաինացի 89 մարզիկ և մարզիչ։
Այս հաղորդումը պատրաստելու համար կիրառվել են Associated Press, Reuters և Agence France-Presse լրատվական գործակալություններից ստացված տեղեկություններ: