Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն է՛լ ավելի է միավորվում ընդդեմ Ռուսաստանի ու Չինաստանի


ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի գլխավոր ուղերձն այն էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Ուկրաինայի ժողովրդին այնքան, որքան ռուսական ներխուժման դեմ նրանց պայքարում լինի անհրաժեշտ:

«Մենք ավելի շատ նավեր կտեղակայենք այստեղ՝ Իսպանիայում: Մենք ավելի շատ հակաօդային պաշտպանություն ենք տեղակայում Իտալիայում և Գերմանիայում, ավելի շատ F-35 տիպի կործանիչներ` Միացյալ Թագավորությունում: Ամրապնդում ենք արևելյան թեւը Լեհաստանում», հայտարարեց նա:

Բայդենն ասաց, որ ԱՄՆ-ը շուտով կհայտարարի եւս 800 միլիոն դոլար արժողությամբ զենքի փաթեթ Ուկրաինա ուղարկելու մասին, որը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի և զինամթերք:

Նա հատուկ կարեւորեց դաշինքի ընդլայնման մասին եւ հպարտությամբ նշեց, որ անդամ երկրների մեծամասնությունն իրագործում է իրենց ՀՆԱ-ի երկու տոկոսից ավելին պաշտպանության համակարգին հատկակցնելու ծրագիրը:

ԱՄՆ-ի նախագահի խոսքերով, այս գագաթաժողովը ՆԱՏՕ-ի անդամների համախմբման մի գերազանց ապացույց էր, ինչն ուղղված է ընդդեմ ամեն մի սպառնալիքի: Նա այստեղ առանձնացրեց Եվրոպայի նկատմամբ Ռուսաստանից սպառնացող վտանգը եւ համաշխարհային օրենքների դեմ Չինաստանի կողմից իրականացվող մարտահրավերները:

Ռուսաստանի նախագահը չուշացավ Մոսկվայից քննադատել ՆԱՏՕ-ի որոշումները: Պուտինի խոսքերով, ‘’Ուկրաինացի ժողովրդի ձեռքերով ՆԱՏՕ-ի անդամները պարզապես ցանկանում են ինքնահաստատվել, ավելի հաստատել իրենց դերն աշխարհում, ու ստանձնել հեգեմոն դեր իրենց կայսերական հավակնություններիով’’:

Չինաստանն էլ ՆԱՏՕ-ին քննադատեց դաշինքի անվտանգության նոր հայեցակարգում իրեն ընդգրկելու փաստը: Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասում է, թե այդ հայեցակարգն անտեսում է փաստերը, շփոթում է ճիշտը սխալի հետ: Նրա խոսքերով, սխալ է Չինաստանը համակարգային մարտահրավեր համարելու ՆԱՏՕ-ի հայեցակարգը։ ‘’Փաստաթուղթը հղի է «սառը պատերազմի» մտածելակերպով և գաղափարական կողմնակալությամբ’’, ասաց նա:

Իսկ ռազմական ու քաղաքական հարցերով փորձագետներն ասում են, թե Արեւմուտքն այս դիրքորոշումն է որդեգրում Պեկինի կողմից ագրեսիվ քաղաքականություն վարելու արդյունքում:

Վիլսոնի կենտրոնի վերլուծաբաններից Ռոբերտ Դեյլը, հիշեցնելով, որ Չինաստանն օրինակ գաղտնի կերպով ռազմածովային բազա է կառուցում Կամբոջայում, ասում է, որ «Չինաստանի կողմից ցուցաբերվող ագրեսիայի աճը և ավտորիտարիզմը խթանելուն ուղղված քայլերն են դարձել պատճառ, որ Պեկինի դեմ միավորվեն Միացյալ Նահանգները, Եվրոպան, հյուսիսարևելյան Ասիայի դաշնակիցներն ու հարավասիական Նոր Զելանդիան և Ավստրալիան’’:

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգն էլ հայտարարում է, թե դաշինքն անհանգստացած է Մոսկվայի հետ Պեկինի մերձեցմամբ: ‘’Մենք տեսնում ենք Մոսկվայի և Պեկինի միջև խորացող ռազմավարական գործընկերություն’’, ասել է նա ու ավելացրել, որ Չինաստանը էապես է զարգացնում իր ռազմական ուժերը, այդ թվում միջուկային զենքերը, ահաբեկում է իր հարևաններին և սպառնում Թայվանին:

Իսկ այս ամենն ավարտելու գործում մեծ դեր ունի Պուտինը, որը դեռեւս հարց է, կցանկանա մասնակցել տարեվերջին անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթաժողովին, թե կգերադասի է՛լ ավելի սրել իրադրությունը:

''Ամերիկայի Ձայն''

XS
SM
MD
LG