Մատչելի հղումներ

Թեկնածուի կարգավիճակի փոխարեն «հեռանկար». ԵՄ գագաթնաժողովի տհաճ արդյունքը Վրաստանի համար


Ինչո՞ւ Թբիլիսիի եվրոպական ճանապարհն անցնում է խոչընդոտներով, և կա՞ արդյոք իրավիճակը փոխելու հնարավորություն

Վրաստանը ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմել է մարտի 3-ին՝ Մոլդովայի հետ նույն օրը, Ուկրաինայից ընդամենը մի քանի օր անց։ Միաժամանակ մեկնարկը, սակայն, չհանգեցրեց նույն արդյունքի. Եվրահանձնաժողովի որոշմամբ Վրաստանը մեկ քայլ հետ է։ Երկրին առաջարկվել է անդամակցության հեռանկար, սակայն թեկնածուի կարգավիճակը՝ մերժվել:

«Ընտրությունների հետ կապված խնդիրներ էին առկա: Խնդիրներ էին առկա նաև խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, Վրաստանում օլիգարխների ազդեցության և հատկապես նրանցից մեկի հետ։ Հարձակումներ են եղել ԼԳԲՏ համայնքի անդամների վրա: Մոտ մեկ տարի առաջ տեղի է ունեցել հարձակում, որը կառավարությունը չի կանխել և իրական քայլեր չի ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Այսպիսով, մենք խոսում ենք խնդիրների մի ամբողջ շարքի մասին»,- «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Վուդրո Վիլսոնի կենտրոնի աշխատակից, Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քենեթ Յալովիցը։

ԵՄ բացատրության մեջ ուղղված Թբիլիսիին ընդհանուր առմամբ առկա են 12 կետեր։ Առաջինը քաղաքական բևեռացումն է։ Այս դիտողությունը նորություն չէ. 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում սկսվեց սուր ճգնաժամ։ Դրանց հաղթողը իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն էր, սակայն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» հայտարարեց զանգվածային կեղծիքների մասին և չճանաչեց արդյունքները։ Կողմերի միջև կամուրջներ կառուցելու փորձեր արվեցին ամենաբարձր մակարդակով։ Անցյալ տարվա ապրիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ փոխզիջում է ձեռք բերվել ճգնաժամից դուրս գալու շուրջ։ Սակայն մի քանի ամիս անց առաջարկը մերժվեց իշխող կուսակցության կողմից։ ԵՄ-ի հետ հարաբերություններն էլ ավելի սրվեցին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո։ Անցած շաբաթվա Եվրահանձնաժողովի հայտարարությունը միանշանակ ազդանշան է՝ Թբիլիսիից ակնկալում են քաղաքական միասնություն։

ԵՄ գագաթնաժողովի տհաճ արդյունքը Վրաստանի համար
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00

«Վրաստանին առաջարկվող տասներկու կետերը բավականին կոնկրետ են։ Եվ ես կարծում եմ, որ այժմ իսկապես եկել է Վրաստանի քաղաքական միավորման ժամանակը,- Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում ասել է Լիտվայի նախկին արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսը։- Նրանք պետք է գիտակցեն, որ առաջնահերթություններ կան ազգի, ժողովրդի և պետության համար։ Եվ չնայած հակասություններին, նրանք պետք է համախմբվեն ու կենտրոնանան կարեւոր գործերի վրա»։

Ոչ վաղ անցյալում Վրաստանը համարվում էր առաջատար տարածաշրջանում բարեփոխումների և ժողովրդավարական զարգացումների տեմպերով։ Եվ նույնիսկ այժմ, օրինակ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի վարկանիշում, որը չափում է կոռուպցիայի մակարդակը, Վրաստանի ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ-ն այս հաջողությունները չի անտեսում և, այնուամենայնիվ, քայլ առաջ է անում՝ առաջարկելով անդամակցության հեռանկար։ Սակայն, փորձագետների կարծիքով, երբեմն որոշիչ դեր է խաղում երկրի շարժման վեկտորը։

«Եթե նայեք երեք երկրների՝ Մոլդովային, Ուկրաինային և Վրաստանին, կարող եք ասել, որ ոչ Ուկրաինայում, ոչ էլ Մոլդովայում մենք հետընթաց չենք տեսել առանցքային ժողովրդավարական հարցերի շուրջ: Մինչդեռ մենք ականատես եղանք զգալի հետընթացի Վրաստանում։ Եվ նույնիսկ ավելի վատ՝ Վրաստանի՝ Եվրոպային միանալու հեռանկարների առումով: Մենք տեսել ենք, որ վրացի բարձրաստիճան պաշտոնյաները քննադատում են եվրոպացիներին և եվրոպական կառույցներին, որոնք Վրաստանին ցույց են տալիս ժողովրդավարական ուղուց իրենց շեղումների վրա»,- ասում է Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբստը։

Ռուսական քարոզչությունը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի Բրյուսելի գագաթնաժողովի որոշումը՝ հերթական անգամ փորձելով խարխլել Թբիլիսիի եվրոպական նկրտումները, կարծում են փորձագետները։ Սակայն այդ փորձերը դատապարտված են ձախողման մի երկրում, որտեղ տարածքի 20 տոկոսը 14 տարի գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։

«Նրանք միշտ պնդում են, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն երբեք չեն ընդունի Վրաստանը, և որ Վրաստանի ապագան Եվրասիական տնտեսական միության մաս դառնալն ու Ռուսաստանի հետ մերձենալն է։ Համոզված եմ, որ նրանք կուժեղացնեն այս քարոզչությունը: Բայց ռուսներին ամենահզոր պատասխանը եղավ կարգավիճակի որոշումից մեկ-երկու օր հետո, երբ մոտ 60,000 վրացիներ դուրս եկան փողոցներ՝ բողոքելով «Վրացական երազանքի» կառավարության դեմ և Եվրոպա արագացված ինտեգրման համար: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ որքան էլ ռուսները զբաղվեն քարոզչությամբ և կեղծ տեղեկատվության տարածմամբ, վրացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիության մաս լինելուն»,- նշում է Յալովիցը։

Ու թեև Վրաստանում շատերը չեն թաքցնում իրենց հիասթափությունը ԵՄ որոշումից, փորձագետները նշում են, որ ստեղծված իրավիճակը կարող է հնարավորություն հանդիսանալ երկրի համար։ Թեկնածուի կարգավիճակ ստանալուց հրաժարվելն ամենևին էլ ինտեգրացիոն գործընթացի դանդաղեցում չէ։ Ի վերջո, թե որքան արագ երկիրը կկարողանա իրականացնել տասներկու կետերը, կախված է միայն Թբիլիսիից և քաղաքական գործիչների պատրաստակամությունից՝ բանակցել իրական փոխզիջումների շուրջ։

Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի ռուսական ծառայության լրագրող Դարիա Դիեգուցի հեղինակությամբ նյութի հիման վրա

XS
SM
MD
LG