Մատչելի հղումներ

Բրյուսելն աջակցում է ԵՄ թեկնածուի կարգավիճակի տրամադրումը Ուկրաինային և Մոլդովային


ԵՄ առաջնորդները պետք է հաստատեն երկու երկրների թեկնածուի կարգավիճակը հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում:

Եվրամիությունը ուրբաթ օրը հավանություն տվեց Ուկրաինայի և Մոլդովայի հայտերին և առաջարկեց, որ երկու երկրներն էլ ստանան ԵՄ թեկնածուի կարգավիճակ: Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա դարձել է Եվրոպայում ընթացող այս աշխարհաքաղաքական փոփոխությունների արդյունք:

Ուկրաինան ԵՄ-ն անդամակցելու հայտ է ներկայացրել ռուսական զորքերի կողմից փետրվարի 24-ին իր սահմանը հատելուց ընդամենը չորս օր անց: Չորս օր անց նույնը արեցին Մոլդովան և Վրաստանը: Վերջիններս ևս պայքարում են անջատողական ուժերի դեմ, որոնք ռուսական զորքերի օգնությամբ գրավել են երկու երկրների ինքնիշխան տարածքների մի մասը։

«Ուկրաինան ակնհայտորեն ցույց է տվել եվրոպական արժեքներին և չափանիշներին համապատասխանելու երկրի ցանկությունն ու վճռականությունը», - Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով այդ օրը, ի աջակցություն Ուկրաինայի, կրում էր Ուկրաինայի դրոշի գույները խորհրդանշող հագուստ։

Նախագահ Վոլոդիմեր Զելենսկին թվիթերյան իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ֆոն դեր Լեյենին և ԵՄ անդամ երկրներին այդ որոշման համար, որը նա անվանել է «առաջին քայլ ԵՄ անդամակցության ճանապարհին, որն անկասկած կմոտեցնի մեր հաղթանակը»:

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն իր հերթին ողջունել է «աջակցության այս հզոր ազդանշանը Մոլդովային և մեր քաղաքացիներին» և ասել, որ հույսը դնում է ԵՄ անդամ երկրների օժանդակության վրա։ «Մենք մտադիր ենք քրտնաջան աշխատել»,- գրել է նա Twitter-ում:

Եվրահանձնաժողովը մինչ այժմ ձեռնպահ է մնում Վրաստանի վերաբերյալ նմանատիպ որոշում կայացնելուց, որը նախ պետք է կատարի լրացուցիչ պայմաններ։ Ֆոն դեր Լեյենն ասել է, որ Վրաստանը հիմնավոր դիմում է ներկայացրել, սակայն դրա քննարկման համար երկիրը պետք է միավորվի քաղաքական իմաստով։ Գործընթացին մոտ կանգնած բարձրաստիճան դիվանագետը մատնանշել է վրացական իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների ձախողման փաստը:

Սպասվում է, որ ԵՄ առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն հաջորդ շաբաթ կայանալիք գագաթնաժողովում: Երեք խոշորագույն երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարներն արդեն հինգշաբթի օրն իրենց աջակցությունն են հայտնել՝ Ռումինիայի նախագահի հետ այցելելով Կիև։

«Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նախագահ Վոլոդիմեր Զելենսկու հետ հանդիպումից հետո։

Ուկրաինան և Մոլդովան դեռևս երկար գործընթաց ունեն ԵՄ անդամակցության համար պահանջվողչափանիշներին համապատասխանելու համար, և կան նաև այլ թեկնածուներ դաշինքին միանալուհամար: Անդամակցությունը նույնպես երաշխավորված չէ. Թուրքիայի հետ բանակցությունները, որը պաշտոնապես թեկնածու է դարձել 1999 թվականին, մի քանի տարի առաջ փակուղի են մտել:

Այնուամենայնիվ, առաջադրման գործընթացի մեկնարկը, մի քայլ է, որը դժվար էր պատկերացնել ընդամենը մի քանի ամիս առաջ: Այն հավասարազոր է 1990-ականների սկզբին ԵՄ-ի կողմից ընդունված որոշմանը, որն իր կազմում ներառեց «սոցիալիստական ճամբարի» մաս կազմող Արևելյան Եվրոպայի երկրները:

«Ուկրաինացիների խիզախության շնորհիվ է, որ Եվրոպան կարող է ստեղծել ազատության նոր պատմություն և վերջնականապես վերացնել Արևելյան Եվրոպայում ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գորշ գոտին»,- ասել է Զելենսկին իր ուշ երեկոյան տեսաուղերձում։

Ամդամակցության դեպքում Ուկրաինան կդառնա տարածքով ԵՄ ամենամեծ երկիրը, իսկ հինգերորդը՝ բնակչության թվով։ Բոլոր երեք հավակնորդներն էլ շատ ավելի աղքատ են, քան ԵՄ գործող անդամմնացած բոլոր պետությունները մեկ շնչին բաժին ընկնող եկամուտով, ներառյալ ԵՄ ամենաաղքատ երկիր Բուլղարիան:

Ե՛վ Ուկրաինան, և՛ Մոլդովան ունեն քաղաքական անկայունության, ներքին անկարգությունների, արմատացած կազմակերպված հանցավորության և Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատողականների հետ չկարգավորված հակամարտությունների պատմություն, ովքեր ձգտել են անջատման ռուսական զորքերի աջակցությամբ: Սա նշանակում է, որ երկու երկրների կառավարություններին դեռ երկար ճանապարհ է սպասում ԵՄ անդամակցության համար։

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG