Մատչելի հղումներ

Ինչպես է անդրադարձել ԼՂ պատերազմը Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերությունների վրա


Այս թեմայով քնարկմանը հետազոտողները ներկայացրել են իրենց ուսումնասիրության արդյունքները՝ ԼՂ պատերազմի օրերին ու դրանից հետո հայ և ադրբեջանցի ազգային խմբերի փոխհարաբերությունների մասին

Վրաստանը Հարավային Կովկասի այն երկիրն է, որտեղ հայերն ու ադրբեջանցիները բնակվում են կողք կողքի՝ կիսելով կենսագործունեության շատ ոլորտներ, ներառյալ աշխատավայրերն ու կրթական հաստատությունները, նշում է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի սոցիալական մարդաբան, վրացագետ Կլաուդիա Կոշիցինսկայան Լեհաստանի գիտությունների ակադեմիայի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած հեռավար քննարկմանը՝ Վրաստանում ադրբեջանական և հայկական համայնքերի՝ ԼՂ պատերազմի հարցում որդեգրած մոտեցումների և այս խմբերի միջև հետպատերազմյան փոխհարաբերությունների մասին: Այս ուղղությամբ հետազոտողների մի խումբ իրականացրել է ուսումնասիրություններ՝ այցելելով Վրաստանի հայաբնակ և ադրբեջանաբնակ շրջաններ ու բնակավայրեր:

Միջոցառման մեկ այլ բանախոս, սոցիալական մարդաբան Աննա Սիեսլևսկայան, իր հերթին, նշում է, որ նախքան 2020 թվականի ԼՂ երկրորդ պատերազմը Վրաստանում հայկական և ադրբեջանական ազգային փոքրամասնությունների միջև բացահայտ թշնամանք նկատելի չէր, սակայն, ըստ նրա, ղարաբաղյան երկրորդ պատերազմը վեր հանեց կողմերի միջև հակասությունները և պատմական վերքերը: Օրինակ՝ եթե նախկինում հայերի ու ադրբեջանցիների միջև Վրաստանում առկա էին գործնական կապեր, ապա պատերազմի օրերին դրանք դադարեցին: Դրան նպաստել է նաև կորոնավիրուսային համավարակն ու դրա հետևանքով ստեղծված տնտեսական ծանր կացությունը Վրաստանում, նշում է նա: Ըստ բանախոսի՝ դադարեցին նաև փոխադարձ այցելությունները հայաշատ Սամցխե-Ջավախքի կամ ադրբեջանաշատ Քվեմո Քարթլի շրջաններ: Այսօր համայնքների միջև գործնական կամ առևտրային կապերն, ըստ նրա, աստիճանաբար վերականգնվում են:

«Ոչ ոք չի խոսում պատերազմից: Շփումները գործնական են, սակայն չնայած այն փաստին, որ հարաբերությունները վերականգնվում են՝ դրանք հեռու են բարեկամական կոչվելուց»,- ասում է Աննա Սիեսլևսկայան:

Իր հերթին, Կլաուդիա Կոշիցինսկայան, հենվելով իր հետազոտության արդյունքների ու այցի ընթացքոմ իրականացրած դիտարկումների վրա, համակարծիք է՝ հարաբերությունները երկու ազգային փոքրամասնությունների միջև փոփվել են հատկապես վերջին պատերազմից հետո:

«Մարդիկ, ովքեր բնակվում են կողք կողքի փորձում ենխուսափել պատերազմի մասին զրույցներից և փորձումպահպանել լավ հարաբերություններ: Սակայն, դրանք երբեքայնպիսին չեն, ինչպիսին եղել են 90-ականների առաջինպատերազմից հետո և մինչև վերջին պատերազմիբռնկումը»,- ասում է Կոշիցինսկայան:

Բանախոսները պնդում են, որ պատերազմի օրերին երկու համայնքներն էլ իրենց համապատասխան քարոզչությունը իրականացնում էին Վրաստանի համատեքստում: Ըստ Սիեսլևսկայայի՝ հայկական մոտեցումներում նկատելի էր զգալի չափով կրոնական գործոնի շահարկումը: ԼՂ հակամարտությունը հաճախ ներկայացվում էր որպես քրիստոնյաների պայքար ընդդեմ մահմեդականների: Հետևելով այս տրամաբանությանը՝ Վրաստանը պետք է աջակցեր քրիստոնյա հայերին, քանի որ հետագա իսլամացումը սպառնում է նրա պետականությանը, նշում է Սիեսլևսկայան՝ ներկայացնելով հայկական կողմի քարոզչությունը:

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմն էլ հաճախ շահարկում էր Հարավային Օսիայի ու Աբխազիայի հակամարտությունների գործոնը՝ համեմատականներ անցկացնելով ԼՂ հակամարտության հետ: Ըստ նրա՝ այս գործոնը հմտորեն կիրառվել է Վրաստանում ԼՂ պատերազմի օրերին: Դրան է նպաստել նաև այն, որ Աբխազիայի հայությունը վրաց-աբխազական պատեարզմի օրերին աջակցել է Աբխազիայի անջատողականներին, ասում է Սիեսլևսկայան:

«Դա ևս մեկ տարր էր, որն օգտագործվում էր տարբեր ոչ պաշտոնական քննարկումներում, թե ով է ճիշտ և ում պետք է աջակցի Վրաստանը: Այս առիթով կրկին հնչեցին Ջավախքի հայերի անջատողական միտումների մասին լուրեր, բայց այս անգամ նոր հակամարտության համատեքստում»,- նշում է Սիեսլևսկայան:

Բանախոսները կարևորել են երկու կողմերի մամուլի միջոցների դերը, որն ազդում է հայկական և ադրբեջանական համայքների մոտեցումների ձևավորման վրա՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու համայնքներն էլ մեծ մասամբ չեն տիրապետում վրացերենը և ողջ տեղեկատվությունը ստանում են ազգային լրատվամիջոցներից:

Այս համատեքստում բանախոսներն առանձնացնում են նաև Վրաստանի պետական քաղաքականությունը փոքրամասնությունների հարցում՝ շեշտելով, որ այն հաճախ աչքի է ընկնում խտրականությամբ: Վրաստանն առայսօր չունի ազգային փոքրամասնությունների ինտեգրման մասին օրենք, նշում են բանախոսներն, ընդգծելով, որ այդ հանգամանքը բացասաբար է ազդում ազգային խմբերի միջև լարվածության նվազմանը: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի տարածքում հայերի ու ադրբեջանցիների միմյանց կողք կողքի բնակվելը, ըստ բանախոսների, նպաստում է երկու ազգերի միջև համերաշխության մթնոլորտին:

XS
SM
MD
LG