Մատչելի հղումներ

11 տարի առաջ ռուս-վրացական պատերազմն ընդմիշտ փոխեց Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները


11 տարի առաջ տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմը եւ դրա հետեւանքները արմատապես փոխեցին Եվրոպայում եւ Եվրասիայում աշխարհքաղաքական իրականությունը, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթը.

«11 տարի առաջ այս օրը, երբ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան, այն պահն էր, երբ իրական պատերազմը վերադարձավ Եվրոպա, այն էլ՝ երբ մեզանից ոչ ոք չէր սպասում: Ռուսաստանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկիրը, ներխուժեց իր հարեւանի տարածք»:

Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Քուրթ Ուոքերի կարծիքով, Մոսկվայի կողմից Ուկրաինայի տարածքների բռնակցումը վրացական սցենարի տրամաբանական շարունակությունն էր: Վրաստանի տարածքի օկուպացումը առաջին քայլն էր, Ուկրաինան՝ երկրորդը, ու չնայած Արեւմուտքի ոչ կոշտ արձագանքի Մոսկվայի ագրեսիվ գործողություններին, Ռուսաստանի հետ հարաբերություններն արմատականորեն փոխվեցին: Պատերազմի համար պատասխանատվությունը Մոսկվայի վրա է, որը մինչ այդ երկու տարի անընդմեջ Վրաստանի վրա հսկայական ճնշում էր գործադրում, այդ թվում եւ ռազմական ոլորտում: Ճնշում, որին Թբիլիսին ստիպված էր պատասխանել.

«Կարող եք ասել, որ Վրաստանն այդ օրն առաջինն է կրակ բացել, սակայն, դա կլինի հակամարտության համատեքստից դուրս մեկ հանգամանքի քննարկում: Ռուսաստանը ցանկանում է ամրապնդել այն միթքը, իբր պատերազմը սկսել է Վրաստանը, քանի որ դա արդարացնում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքի շարունակվող օկուպացիան»:

Չնայած՝ պատերազմից անցել է 11 տարի, բազմաթիվ մարդիկ շարունակում են տառապել դրա հետեւանքների պատճառով մինչ այսօր, լրագրողներին հայտնեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը.

«Ռուսաստանն անընդհատ խախտում է Վրաստանի ժողովրդի անվտանգության եւ սեփականության իրավունքը: Ավելին, Ռուսաստանի ներխուժումը եւ վրացական տարածքի 20 տոկոսի օկուպացիան ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների, Հելսինկիի Վերջնական ակտի եւ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում է: Կոչ ենք անում Ռուսաստանին վերանայել Վրաստանի օկուպացված շրջանների՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, այսպես կոչված անխակության ճանաչումը»:

Facebook Forum

XS
SM
MD
LG