Մատչելի հղումներ

Ավելի քան 100 ընկերությունների ղեկավարներ Կոնգրեսին կոչ են արել ընդունել Չինաստանի մրցակցության մասին օրենք


Քննարկվող օրինագծում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արդյունաբերական մի շարք ճյուղերի վրա

Alphabet, Amazon և Microsoft տեխնոլոգիական հսկաների ղեկավարները չորեքշաբթի Կոնգրեսին կոչ են արել ընդունել օրենք, որը կնպաստի ԱՄՆ-ը տնտեսապես ավելի մրցունակ դարձնելուն Չինաստանի հետ մրցակցության մեջ, այդ թվում՝ միկրոչիպերի արտադրության ոլորտում:

Այս և ավելի քան 100 այլ ընկերությունների ղեկավարներ նամակ են հղել Կոնգրեսին՝ կոչ անելով ընդունել համաձայնեցված մի օրենք և ուղարկել այն նախագահ Ջո Բայդենին ստորագրության համար: Օգոստոսին օրենսդիրները կգնան ամառային արձակուրդի, որից հետո, ըստ շատերի, իրենց ուշադրությունը կենտրոնացած է լինելու նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։

«Մեր գլոբալ մրցակիցները ներդրումներ են կատարում իրենց արդյունաբերության, իրենց աշխատողների և իրենց տնտեսությունների մեջ, և Կոնգրեսը պետք է գործի ԱՄՆ-ի մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասվում է նամակում:

Կիսահաղորդչային արդյունաբերության ոլորտի միությունը, որը կազմակերպել է կոլեկտիվ նամակի ստորագրումը, ասել է, որ դա կորպորատիվ առաջնորդների ամենամեծ խումբն է, որն աջակցում է օրինագծին:

Փաստաթղթում առաջարկվում է 52 միլիարդ դոլար հատկացնել կիսահաղորդիչների արտադրության հզորությունների ընդլայնմանը, որն իրականացվում է մասնագիտացված գործարաններում։

«Մեր ոլորտի առաջատարներից պահանջում են հիմնել [նման գործարաններ]՝ միկրոչիպերի աճող պահանջարկը բավարարելու համար: Նրանք չեն կարող սպասել»,- ասել է միության գործադիր տնօրեն Ջոն Նոյֆերը՝ հավելելով, որ օրինագիծը կապահովի, որ այդ գործարանները հիմնականում կառուցվեն ԱՄՆ-ում և ոչ թե արտասահմանում:

Միավորումը նաև կոչ է անում մրցութային օրինագծում ներառել կիսահաղորդիչների արտադրության և զարգացման համար ներդրումային հարկային արտոնություններ:

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը հույս է հայտնել, որ օրենսդիրները կամփոփեն օրինագիծը մինչև ամսվա վերջ: Նա հավելել է, որ Սենատի փոքրամասնության առաջնորդ Միթչ Մաքքոնելն իրեն ասել է, որ «ոչինչ չի անի այս օրինագծի քննարկմանը հակադրվելու կամ խաթարելու համար»:

Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG