Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը պիտի հենված լինի երեք հիմնական ուղղությունների վրա: Դրանք են` ներդրումները, հավասարության սկզբունքը եւ մրցունակությունը: Բլինքենի խոսքերով, Վաշինգտոնը չի ձգտում Պեկինի հետ հակամարտության, բայցեւ Միացյալ Նահանգները հավատարիմ է պաշտպանելու միջազգային իրավունքը և ինստիտուտները, որոնցից, ըստ նրա, Չինաստանը ցանկանում է հեռանալ:
«Նախագահ Սի Ծինպինի օրոք Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը դարձել է ավելի ռեպրեսիվ տանը, իսկ արտասահմանում՝ ավելի ագրեսիվ: Մենք տեսնում ենք, թե ինչպես է Պեկինը կատարելագործել զանգվածային հսկողությունը Չինաստանի ներսում և այդ տեխնոլոգիան արտահանել ավելի քան 80 երկրներ: Ինչպես է այն առաջ քաշում անօրինական ծովային պահանջներ Հարավչինական ծովում՝ խաթարելով խաղաղությունն ու անվտանգությունը, նավագնացության և առևտրի ազատությունը»:
Բլինքենն ընդգծում է, որ ԱՄՆ-ը շարունակում է կենտրոնանալ Պեկինի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա:
«Սինցզյանում և Տիբեթում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Չինաստանի վերաբերմունքը, ինչպես նաև բազմաթիվ այլ գործողություններ, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներին, որոնք Պեկինը մշտապես վկայակոչում է, և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որին պետք է հավատարիմ մնան բոլոր երկրները: Պեկինի կողմից Հոնկոնգում ազատության տապալումը խախտում է Պեկինի ստանձնած պարտավորությունները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ում ի պահ հանձնված պայմանագրով»:
Երկուշաբթի օրը նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգտագործել իր ռազմական ուժը Թայվանը պաշտպանելու համար: Բլինքենն ասում է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը մնացել է նույնը:
«Չնայած մեր քաղաքականությունը չի փոխվել, փոխվել է Պեկինի աճող պարտադրանքը՝ փորձելով խզել Թայվանի հարաբերությունները աշխարհի երկրների հետ և արգելափակել նրա մասնակցությունը միջազգային կազմակերպություններին: Եվ Պեկինը զբաղված է ավելի ու ավելի սադրիչ հռետորաբանությամբ և գործունեությամբ, ինչպիսին է PLA ինքնաթիռները Թայվանի մերձակայքում գրեթե ամեն օր թռչելը: Այս խոսքերն ու գործողությունները խորապես ապակայունացնող են: Նրանք սպառնում են Թայվանի նեղուցի խաղաղությանը և կայունությանը»:
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «հեռու մնալ» Չինաստանից. փոխարենը, այն ցանկանում է շարունակել առևտուրն ու ներդրումները ասիական գերտերության հետ այնքան ժամանակ, քանի դեռ դա «արդար է և չի վտանգում» ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը:
Հոդվածը կազմված է Անիտա Փաուելի աշխատության հիման վրա: