ԱՄՆ Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կհանդիպի իր չինացի գործընկերոջ հետ այս շաբաթ Սինգապուրում կայանալիք պաշտպանական ֆորումի ընթացքում: Հանդիպումը կլինի դեմ առ դեմ: Այսօր կողմերի միջև հարաբերությունները խարխլված են
ԱՄՆ-Չինաստան լարվածության վերջին նշաններից են չինական և ռուսական ռազմական ինքնաթիռները, որոնք թռչում էին անցյալ ամսվա վերջին ԱՄՆ ասիական դաշնակիցների օդային տարածքից ոչ հեռու:
Իսկ այդ ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ասիական ուղևորություն էր կատարում՝ Պեկինին հակազդելու համար:
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը միայն խորացրեց ԱՄՆ-Չինաստան տարաձայնությունները:
Թեև Չինաստանը բացահայտորեն չի աջակցում Ռուսաստանին պատերազմի հարցում, այն խոստացել է ավելի սերտ կապեր հաստատել Մոսկվայի հետ, որը մտահոգում է Վաշինգտոնում շատերին:
«Այն նույնականացվում է շատ ագրեսիվ երկրի հետ, և Միացյալ Նահանգները անհանգստացած է, որ Չինաստանը կցանկանա նույն կերպ մոտենալ Թայվանի իրավիճակին՝ օգտագործելով բիրտ ուժն՝ իր նպատակներին հասնելու համար»,- ասում է Պենտագոնի նախկին պաշտոնյա Ժոզեֆ Բոսկոն:
Չինաստանը դեմոկրատական Թայվանը դիտարկում է որպես իր սեփական տարածք և սպառնումուժով վերցնել այն։
Բայդենը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի Թայվանը, եթե Չինաստանը ներխուժի, ինչը մտավախություն է առաջացնում գերտերությունների միջև բախման առումով:
Սինգապուրում Թայվանի հիմնախնդիրը կհանդիսանա ԱՄՆ-ի ու Չինաստանի պաշտպանության նախարարների քննարկման հիմնական հարցը այս շաբաթ կայանալիք բանակցույունների ընթացքում, թեև վերլուծաբաններն ասում են, որ հանդիպումը դժվար թե որևէ առաջընթաց գրանցի:
«Թայվանի հարցը, հնարավոր է, երկու գերտերությունների միջև ամենամեծ տարաձայնություններ ունեցող խնդիր է»,- ասում է Սինգապուրի ազգային համալսարանի վերլուծաբան Լիմ Թայ Վեյը:
Միացյալ Նահանգները և Չինաստանը ավելացրել են իրենց ռազմական հզորության ցուցադրումը Թայվանին հարող տարածաշրջանում: Շատ այլ երկրներ վախենում են, որ կարող են ներքաշվել մեծ հակամարտության մեջ:
«Տարածաշրջանում մեծամասնությունը նախընտրում է աստիճանական քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար՝ գիտակցելով, որ հնարավոր չէ լուծել նման բարդ խնդիր: Անհրաժեշտ է առնվազն ընդհանուր եզրեր գտնել, որտեղ նրանք կարող են գոնե բանակցությունների համար շատ ավելի նպաստավոր մթնոլորտ ստեղծել»,- ասում է Լիմ Թայ Վեյը:
ԱՄՆ-ի և Չինաստանի որոշ ոլորտներում հնարավոր համագործակցությունը իրատեսական է, ներառյալ՝ կլիմայի փոփոխության և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի հարցերի շուրջ, սակայն հարաբերությունների ներկայիս վիճակում միասին աշխատելու հնարավորությունները չափազանց սահմանափակ են:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ձայնի լրագրող Բիլ Գալոյ նյութի հիման վրա