Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հաստատել է, որ Մարիուպոլի գործարանի տարածքից խաղաղ բնակիչների տարհանումը վերսկսվել է, սակայն չի տրամադրել որևէ մանրամասնություն։
Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ ուրբաթ օրը՝ մայիսի 6-ին, վերսկսվել է խաղաղ բնակչության տարհանումը Մարիուպոլի պաշարված «Ազովստալ» գործարանի տարածքից։
«Ներկայումս ընթանում է «Ազովստալ»-ից մեր համաքաղաքացիներին փրկելու հաջորդ փուլը»,- ուրբաթ ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «[Տարհանման] արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ»։
Նախորդ օրը այս տարածքի մոտ ընթացել են մարտեր, քանի որ Ազովստալը պաշտպանում է հազարից երկու հազար ուկրաինացի զինվորական։ Associated Press-ի (AP) հաղորդմամբ՝ չնայած Ռուսաստանի ղեկավարության խոստումներին՝ չկրակել ցերեկային ժամերին, որպեսզի չխոչընդոտվի խաղաղ բնակչության տարհանումը, ռուսական բանակի որոշ ստորաբաժանումներ, այնուամենայնիվ, ներխուժել են գործարանի տարածք, որտեղ բախվել են ուկրաինական զինված ուժերի դիմադրությանը:
Գործարանի տարածքն այժմ մնում է Դոնեցկի շրջանի նավահանգստային քաղաքի միակ տարածքը, որը չի վերահսկվում ռուսական բանակի կողմից։ Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ը, բազմիցս կոչ են արել տարհանել բոլոր խաղաղ բնակիչներին այնտեղից։
Ռուսական կողմը հերքում է, որ իր զորքերը ներխուժել են գործարանի տարածք և մեղադրում ուկրաինացիներին այն բանում, որ թույլ չեն տվել պաշարված գործարանի տարածքում մնացած մոտ երկու հարյուր խաղաղ բնակիչներին լքել «Ազովստալ»-ի տարածքը:
Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա