Մատչելի հղումներ

Բայդենի մոտեցումն Ուկրաինայի նկատմամբ արժանանում է Կոնգրեսի երկկուսակցական ուժեղ աջակցությանը


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսում ստացավ երկկուսակցական ուժեղ աջակցություն, երբ առաջարկեց Ուկրաինային հատկացնել եւս 33 միլիարդ դոլարի օգնություն, ի հավելումն այս տարվա սկզբին արդեն ուղարկված 13,6 միլիարդ դոլարի տնտեսական, մարդասիրական և ռազմական օգնության:

Վերջերս Ուկրաինա և Լեհաստան կատարած այցերի ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ Կոնգրեսն արագորեն աշխատում է Բայդենի խնդրանքը հաստատելու ուղղությամբ՝ օգնության փաթեթն անվանելով «հսկայական գումար», որը օրենսդիրները «մեծ հպարտությամբ» կտրամադրեն։

Այնուամենայնիվ, աջից և ձախից մի քանի օրենսդիրներ մտահոգություն են հայտնել Եվրոպայում հակամարտություններին աջակցելու համար նախագահական լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:

Թեև Բայդենը հասկացրել է, որ ԱՄՆ-ը երբեք ցամաքային զորքեր չի ուղարկի Ուկրաինա՝ բացահայտորեն դիմակայելու Ռուսաստանին, Կոնգրեսում հարցեր է բարձրացրել Աֆղանստանում և Իրաքում երկու տասնամյակ պատերազմից հետո արտերկրում ԱՄՆ-ի ներգրավվածության չափերի վերաբերյալ:

Ներկայացուցիչների պալատի 206 հանրապետական անդամներից տասը դեմ են քվեարկել Ուկրաինայի «Lend-Lease Act»-ին, որն ընդլայնում է Ուկրաինային ամերիկյան զենքեր փոխանցելու Բայդենի կարողությունը: Դեմոկրատ որեւէ կոնգրեսական չի քվեարկել այն նախագծին դեմ:

Պահպանողական կոնգրեսական Թոմաս Մասսին, բացատրելով Lend-Lease-ի դեմ իր քվեարկությունը, ասել է. «Կոնգրեսը հենց նոր լիազորեց Բայդենին Ուկրաինային փոխանցել գրեթե ցանկացած զենք, բացի միջուկային զենքից»,- գրել է նա Twitter-ում։ - Սա խելագարություն է, գրել է նա:

Lend-Lease Act-ի հակառակորդները նույնպես մտահոգություն են հայտնել, որ զենքի հոսքը Ուկրաինա կարող է զրկել ԱՄՆ-ին սեփական մատակարարումներից:

Նրանք ասում են, որ Ուկրաինային տրվող լայնածավալ օգնությունը պետք է ավելի ուշադիր դիտարկվի, երբ երկրում մտավախություն կա գնաճի պատճառով ծախսերի աճի վերաբերյալ:

«Նախագահ Բայդենը հավելյալ միլիարդավոր դոլարների օգնություն է խնդրում Ուկրաինայի համար, ինչը կարող է մեր բանակը ներքաշել աշխարհի մյուս ծայրում գտնվող ևս մեկ հակամարտության մեջ: Եվ դա կարող է արժենալ տրիլիոնավոր դոլարներ», - ասել է կոնգրեսական Թոմ Թիֆանին:

«Եթե վերջին քսան տարին մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ շատ ավելի հեշտ է մեր երկիրը ներքաշել դրսում հակամարտության մեջ, քան դուրս գալ դրանից», - ավելացրել է նա:

Քեթրին Ջիփսոն

XS
SM
MD
LG