Մատչելի հղումներ

‘’Դժվար է հավատալ, թե ինչ է Պուտինն անում Ուկրաինայում’’. Պենտագոնի խոսնակ


Այսօր, երբ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սկսված ներխուժումը թեւակոխում է երրորդ ամիսը, Կիեւի հասցեով առաքվող ռազմական միջազգային օգնության ծավալները ցույց են տալիս արագ աճելու միտումներ: Մասնավորապես ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է 33 միլիարդ դոլարի լրացուցիչ օգնություն Ուկրաինայի համար: Սպիտակ տունն ասում է, թե ԱՄՆ-ի օրենսդիրների կողմից արդեն իսկ հաստատված 13 միլիարդ 600 միլիոն դոլարի համարժեք օգնությունը գրեթե սպառվել է:

Այս նոր օգնությունը նախատեսում է 8,5 միլիարդ դոլարի տնտեսական օգնություն, 3 միլիարդ դոլարի մարդասիրական և 20 միլիարդ դոլարի ռազմական օգնություն:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ակնկալում է, որ ռուսները կշարունակեն փնտրել ուկրաինացիների հակաօդային պաշտպանության միջոցները ոչնչացնելու ուղիներ: ‘’Եվ մենք պետք է համոզված լինենք, որ ուկրաինացիներին տրամադրում ենք հակաօդային պաշտպանության այդ միջոցները համալրելու հնարավորություն’’, ասել է նա։

Սպիտակ տունը նաեւ կոչ է անում միջազգային գործընկերներին պատասխանատվության ենթարկել Ռուսաստանի կառավարությանը և այդ երկրի օլիգարխներին: Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է ասում, այս պահին իրավաբաններն ուսումնասիրում են բացի օլիգարխներից, նաեւ Ռուսաստանի Կենտրոնական բանկին պատկանող հսկայական գումարները սառեցնելու հնարավորությունը:

Այսօր, երբ միլիոնավոր մարդիկ շարունակում են հեռանալ Ուկրաինայից, եւ այստեղից շարունակում են ստացվել ռուսների կողմից իրականացվող վայրագությունների մասին նոր փաստեր, ԱՄՆ-ի օրենսդիրներն աշխատում են արագացնել Ուկրաինային հատկացվելիք գումարը փոխանցելու գործընթացը:

Եվ ակնկալվում է, որ Կոնգրեսին ուղղված Բայդենի խնդրանքը որևէ լուրջ հակազդեցության չի արժանանա:

Ինչպես ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ճեպազրույցում մամուլի քարտուղար Ջոն Քըրբին է ասել,

‘’Դժվար է տեսնել, թե ինչ է Պուտինն անում Ուկրաինայում, ինչ են անում նրա ուժերը Ուկրաինայում և մտածել, որ բարոյական որեւէ անհատ կարող է դրանք արդարացնել: Դժվար է նայել այս պատկերներից որևէ մեկին և հավատալ, որ լավ մտածող որեւէ լուրջ ու հասուն ղեկավար դա կարող էր անել: Դժվար է հավատալ Պուտինի հռետորաբանության վրա հենված այն գործողություններին, որոնք իրականացվում են Ուկրաինայում, որտեղ գնդակահարում են ձեռքերը գլխի հետեւում ծալած մարդկանց, երկիր, որտեղ սպանում են կանանց, հղի կանանց, ռմբակոծում հիվանդանոցները:

Ես չունեմ կարողություն` հասկանալու այն, ինչ կատարվում է այնտեղ’’:

XS
SM
MD
LG