Մատչելի հղումներ

‘’Պուտինը պիտի չզգա Արեւմուտքի պատասխաններում թուլություն’’, ասում են վերլուծաբանները


Մինչ Մոսկվան փոխում է պատերազմի ռազմավարությունը՝ ուժեղացնելու իր հարձակումները Ուկրաինայի արևելյան հատվածում, ուկրաինացի զինվորականներն ուժեղացնում են իրենց ներկայությունը Լուգանսկի շրջանում: Այդ նպատակի համար է ԱՄՆ-ի նախագահը կայացրել եւս 800 միլիոն դոլարի համարժեք զենք ուղարկելու մասին որոշում: Փաթեթը ներառում է հաուբիցային թնդանոթներ, հրետանային արկեր, մարտավարական մեքենաներ և զինված անօդաչու թռչող սարքեր՝ ի հավելումն անցյալ շաբաթ արդեն փոխանցված 800 միլիոն դոլարի համարժեք մատակարարումների:

Ուկրաինայի համար մարտ ամսին հաստատված 13 միլիարդ 600 միլիոն դոլարի փաթեթի 3 միլիարդ 250 միլիոն դոլարը նախատեսված է ռազմական ծախսերի համար: Եվս մի քանի միլիարդ դոլար կիրառվելու է տնտեսական, մարդասիրական եւ անվտանգային նպատակներով:

Ինչպես ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է ասել, նախագահը կարող է նորից դիմել Կոնգրեսին նոր հատկացումների խնդրանքով, եւ Կոնգրեսը շատ արագ կքննարկի այն:

Մոսկվան վերջերս ցուցադրեց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման պատկերներ, ինչը, ըստ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, Ռուսաստանի թշնամիներին կստիպի գործելուց առաջ երկու անգամ մտածել: Սակայն ինչպես Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին է ասել, «Նրանք նախապես էին ծանուցել այս արձակման մասին` համաձայն նոր START պայմանագրային պարտավորությունների’’: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս փորձարկումը չի համարում սպառնալիք Միացյալ Նահանգների կամ նրա դաշնակիցների համար:

Բայց եթե Պուտինը կիրառի միջուկային զենք՝ Ուկրաինայում ռազմական փակուղուց ելք գտնելու համար, ԱՄՆ-ը պետք է պատրաստ լինի: Այս մասին է ,,Սկայպ’’-ի միջոցով ասում

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, Ուկրաինայում նախկին դեսպան Ջոն Հերբսթը: «Պուտինի առավելություններից մեկն այն է, որ նա ունի թուլության նկատմամբ հոտառության զգացում: Եվ նա Արեւմուտքի պատասխաններում լավ է զգում այդ թուլության, այդ թվում միջուկային սպառնալիքներին ԱՄՆ-ի կողմից տրված պատասխանի թուլության հոտը’’, ասում է նա:

Սակայն տնտեսական ուղղություններով Ռուսաստանի դեմ իրականացվող գործողություններն ուժգնանում են: ԱՄՆ-ը միացավ եվրոպական երկրներին եւ Կանադային, որոնք ռուսական եւ Ռուսաստանի հետ առնչություն ունեցող նավերին արգելում են իրենց նավահանգիստներում նետել խարիսխ:

XS
SM
MD
LG