Մատչելի հղումներ

«Նա նորմալ մարդ է, չի փորձում ներկայանալ որպես շփացած մի կերպար». ամերիկալեհ լրագրողը՝ նախագահ Զելենսկիի մասին


Ամերիկալեհ լրագրող, պատմաբան Էն Էփլբաում
Ամերիկալեհ լրագրող, պատմաբան Էն Էփլբաում

Ամերիկալեհ լրագրող, պատմաբան Էն Էփլբաումն այցելել էր Կիև, ուր զրուցել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկիի հետ: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Էփլբաումը կիսվել է իր տպավորություններով նախագահ Զելենսկիի հետ հարցազրույցի և իր այցի վերաբերյալ

Այն փաստը, որ ուկրաինացիները պատրաստ են պայքարել այն ամենի համար, որն Եվրոպայում և Միացյալ Նահանգներում շատ մարդիկ ընդունում են որպես սովորական, մեծ տպավորություն է թողել հանրության վրա, ասում է ամերիկալեհ լրագրող, պատմաբան Էն Էփլբաումը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում: Նա ընդգծում է՝ ուկրաինացիները օրինակ են ծառայել, որը շատ կարևոր է այլ մարդկանց համար:

Էն Էփլբաումը վերջերս այցելել էր Կիև, ուր հարցազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Կիսվելով իր տպավորություններով՝ նա պատմում է, որ տպավորված էր մնացել նախագահ Զելենսկիի մարդկային հատկություններով և այն անմիջական և հանգիստ մթնոլորտով, որը ձևավորվել էր վերջինիս հետ զրույցի ժամանակ:

«Նա նորմալ մարդ է: Նա չի փորձում ներկայանալ որպես շփացած մի մեծ կերպար: Եվ ես կարծում եմ՝ դա է նրա ուժեղ կողմերից մեկը։ Դա է պատճառներից մեկը, որ մարդիկ վստահում են նրան ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Ուկրաինայից դուրս: Նա ընկալվում է որպես իրականում խիզախ անձ և մեկը, ով չի ներկայանում մի դերում, որն իրենը չէ»,- ասում է Էփլբաումը:

Ըստ նրա՝ իր հետ հարցազրույցի ընթացքում նախագահ Զելենսկիի խոսքերը պարունակում էին երկու հիմնական ուղերձներ: Առաջին ու ամենակարևոր ուղերձն այն է, ըստ Էփլբաումի, որ Ուկրաինային փոխանցվող զենքն ու զինամթերքը միշտ չէ, որ տրամադրվում է ժամանակին ու բավարար քանակությամբ: Խնդիր կա նաև անհրաժեշտ զինատեսակների տրամադրման հետ: Ուկրաինան կարիք ունի ոչ միայն տակտիկական, այլ հատկապես ծանր զինատեսակների, պատմում է ամերիկալեհ լրագրողը՝ Զելենսկիի հետ ունեցած իր զրույցի մասին:

Իր տպավորությամբ Ուկրաինայի նախագահի երկրորդ ուղերձը իր երկրի ու բնակչության բնույթի մասին էր, ըստ որի՝ այստեղ՝ Ուկրաինայում, մարդիկ խոսում են մի քանի լեզուներով, ունեն տարբեր կրոնական պատկանելիություն, սակայն, չնայած դրան, նրանք բոլորն էլ մեկ պետության կամ մեկ համայնքի մաս են: Ըստ Էփլբաումի՝ Զելենսկին խորհրդանշում է Ուկրաինայի այդ բազմազանությունը, քանի որ ազգությամբ հրեա է և, հետևաբար, ավանդական իմաստով էթնիկ ուկրաինացի չէ: Դա էլ իրեն դարձնում է չափազանց համոզիչ խոսնակ Ուկրաինայի համար, ասում է լրագրողը:

«Նա ներկայանում է ավելի շատ որպես քաղաքացիական հայրենասեր, քան էթնիկ ազգայնական»,- գտնում է Էփլբաումը:

Արևմուտքի հետ երկխոսության և ժողովրդավարական աշխարհի հետ կապերի խորացման տեսանկյունից Էփլբաումը չափազանց կարևորում է Ուկրաինայի իմիջի փոփոխությունը, որը հիմնված էր էթնիկ ազգայնականության մասին հին կարծրատիպերի, ինչպես նաև կոռումպացված լինելու նոր կարծրատիպերի վրա: Իր տպավորությամբ Ուկրաինան այսօր մեծ քայլ է կատարել այս կարծրատիպերի վերացման ու նոր մոտեցումների ձևավորման ուղղությամբ:

Ըստ Էփլբաումի՝ եթե նախկինում բազմաթիվ ամերիկացիներ տեղյակ չէին, թե աշխարհի քարտեզի վրա որտեղ է գտնվում Ուկրաինան, ապա այսօր այն ամենուր է լրատվական դաշտում: Բացի այդ, միջազգային հանրությունը իր հիացմունք է հայտնել այն խիզախությամբ, որով ուկրաինացիները լծվել են իրենց երկիրը պաշտպանելու գործին, շեշտում է նա:

«Ուկրաինան շատ մեծ հարգանք վաստակեց նրանով, որ այդքան շատ խաղաղ բնակիչներ լծվեցին պայքարին, այդքան շատ մարդ միացան տարածքային զորամիավորումներին, այդքան մարդ վերադարձավ երկիր՝ պատերազմին մասնակցելու համար, և այն որ նրանց հաջողվեց հեռացնել ռուսական բանակը Կիևի հյուսիսից և փրկել մայրաքաղաքը, որը ոմանք կարծում էին, որ կընկնի երեք օրվա ընթացքում: Դրանով կերտվում է Ուկրաինայի նոր պատկերն: Այն հին իմիջը, ըստ որի, Ուկրաինան հետխորհրդային մի պետություն է՝ շատ կոռումպացված, թույլ և անկազմակերպ, այսօր արդեն անհետացել է: Այն փոխարինվել է նրանով, որ այս երկիրը ղեկավարում է զարմանալի խիզախ, կարճահասակ հրեա մի երիտասարդ, և որ այն լի է խիզախ մարդկանցով, ովքեր պայքար են մղում, ինչպես Դավիթն ընդդեմ Գողիաթի»,- ընդգծում է ամերիկալեհ լրագրող Էն Էփլբաումը:

XS
SM
MD
LG