Արևմուտքի մի շարք ռազմական փորձագետներ մտահոգություն են հայտնել, որ Մոսկվան կարող է որոշել միջուկային զենք կիրառել այնտեղ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի դիտարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հնարավորությունը։
«Միայն սովորական զենքեր», - երեքշաբթի օրը India Today-ին տված հարցազրույցում ասել է Լավրովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու հարցը:
Նախարարի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Արևմուտքում մի շարք ռազմական փորձագետներ մտավախություն են հայտնել, որ Ուկրաինայում իր ռազմական ձախողումների արդյունքում Մոսկվան կարող է որոշել դիմել այնտեղ միջուկային զենքի կիրառմանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ամերիկայի Ձայն»-ը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսն անցյալ շաբաթ ասել էր, որ Ռուսաստանի ռազմական անհաջողությունները մեծացնում են այն ռիսկը, որ նախագահ Վլադիմիր Պուտինը կհրամայի օգտագործել մարտավարական միջուկային զենք: Մինչ այժմ, սակայն, ԿՀՎ-ն գործնական ապացույցներ չունի, որ Մոսկվան իրականում ծրագրում է նման ծայրահեղ միջոցների դիմել։