Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և ԵՄ ընդլայնում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթները


Արևմտյան տերությունները նոր փաթեթներ են ընդունում՝ ավելացնելով պատժամիջոցները ֆիզիկական անձանց և ռուսական ձեռնարկությունների դեմ

ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը՝ դրան ավելացնելով ութ ֆիզիկական անձանց և 29 ռուսական ձեռնարկություններ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Պատժամիջոցների նոր ցանկում ներառված են Admiralty Shipyards-ը, Yantar նավաշինական գործարանը և նման մի շարք այլ ձեռնարկություններ:

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Almaz, Rubin և Baltiysky Zavod նախագծային ձեռնարկությունների դեմ:

Սահմանափակումները ազդել են նաև Alrosa-ի՝ աշխարհի խոշորագույն ադամանդ արտադրո ղընկերության վրա:

Անձնական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Միացյալ նավաշինական կորպորացիայի ղեկավարներ Գեորգի Պոլտավչենկոն և Ալեքսեյ Ռախմանովը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոր պատժամիջոցների կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցները «նախատեսված են միմյանց լրացնելու և ժամանակի ընթացքում ակտիվացնելու համար»։

«Քանի որ Կրեմլը շարունակում է իր դաժան ներխուժումը Ուկրաինայի և նրա ժողովրդի դեմ, մենք մերդաշնակիցների և գործընկերների հետ համահունչ կլինենք Ռուսաստանի համար հավելյալ ճնշում ստեղծելու հարցում»,- ասել է Բլինկենը։

Իսկ այդ ընթացքում Եվրամիության երկրների դեսպաններն ավելի վաղ հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթը, որը, մասնավորապես, էմբարգո է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից ածխի ներկրման և բարձր տեխնոլոգիական ապրանքների մատակարարման վրա։

Համապատասխան որոշումը հրապարակվել է ԵՄ-ն Ֆրանսիայի նախագահության էջում։

«Մասնավորապես, խոսքը ռուսական մի քանի բանկերի ակտիվների սառեցման, Ռուսաստանից ածուխի ներմուծման արգելքի, Ռուսաստանի դեմ զենքի բեռնարգելք, Ռուսաստան արտահանման արգելքի մասին է, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական ապրանքների»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արգելվելու է ռուսական դրոշով նավերի մուտքը եվրոպական երկրների նավահանգիստներ, իսկ Ռուսաստանից և Բելառուսից տրանսպորտային ընկերություններն այլևս չեն կարողանա գործել ԵՄ տարածքում։

Նոր սահմանափակումներ են մտցվում նաև ռուս ձեռնարկատերերի, «քարոզչական գործիչների», անվտանգության ծառայության անդամների և զինվորականների նկատմամբ։

Սպասվում է, որ փաթեթը պաշտոնապես կհաստատվի ԵՄ-ի կողմից ուրբաթ օրը:

XS
SM
MD
LG