Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն արգելափակում է տնտեսական պատժամիջոցները շրջանցելու Կրեմլի փորձերը


ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ևս 21 ձեռնարկությունների և 13 անհատների նկատմամբ՝ արգելափակելու համար ֆինանսական այն ուղիները, որոնք թույլ են տալիս Կրեմլին շրջանցել ավելի վաղ հաստատված պատժամիջոցները։

Հայտարարության մեջ պետքարտուղարը նշում է, որ ցուցակում ընդգրկված իրավաբանական և ֆիզիկական անձինք առնչություն ունեն Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական համալիրի հետ, որն «ուղղակիորեն աջակցում է Պուտինի ռազմական մեքենային Ուկրաինայի քաղաքացիների դեմ նրա անամոթ պատերազմում»։

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը, նոր սահմանափակումները ներառում են Հետազոտական Vector, JSC Mikron, Sertal, Sernia Engineering հաստատությունները և այլ տեխնոլոգիական ընկերություններ, որոնց գործունեությունը սերտորեն կապված է ռազմական արդյունաբերության հետ:

Էնթոնի Բլինքենը բացատրել է, որ նոր պատժամիջոցները կխանգարեն Ռուսաստանի մուտքին միջազգային ֆինանսական համակարգ և արևմտյան նորագույն տեխնոլոգիաներ։

«Պուտինի պատերազմական մեքենան կշարունակի մնալ մեր պատժամիջոցների թիրախը բոլոր առումներով, քանի դեռ չի դադարեցվել [Պուտինի] ընտրությամբ սկսված այս անիմաստ պատերազմը։ Ռուսաստանի Դաշնությունը ոչ միայն իր հարձակումներով շարունակում է ոտնահարել Ուկրաինայի ինքնիշխանությունը, այլև մեծացնում է բնակավայրերի, դպրոցների, հիվանդանոցների, բնակելի թաղամասերի և ապաստարանների ավերման մասշտաբները, որտեղ խաղաղ բնակիչները ապաստան են ստանում ռուսական ռմբակոծություններից»,- ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Նա նշել է, որ նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկվածներից երեքը դատապարտվել են «չարամիտ կիբեր գործունեության» համար, և որոնց դեմ արդարադատության նախարարությունը քրեական գործեր է հարուցել։

Բացի այդ, ավելացրել է Բլինքենը, շնորհիվ Սպիտակ տան և գանձապետարանի գործողությունների, նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել ցանկացած անհատի կամ կազմակերպության դեմ, որը կապված է Ռուսաստանի օդատիեզերական, ծովային կամ էլեկտրոնիկայի ոլորտի հետ, եթե պարզվի որ նրանք խախտում են պատժամիջոցները։

XS
SM
MD
LG